Մայիսյան հերոսամարտերը հայոց պատմության փառապանծ էջերից են: Դրանք ոչ միայն մեզ գոյատեւելու իրավունք տվեցին, այլեւ հանգեցրին Հայաստանի պետականության՝ նախ ժամանակավոր եւ ի վերջո վերջնական վերականգնմանը։
Արժեւորելով մայիսյան հաղթական հերոսամարտերիդերը՝ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսխորհուրդը՝ նախագահ Հռիփսիմե Մուրադյանի գլխավորությամբ, եւ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ԿՏ, ՄՍՏ մասնագիտության առաջին կուրսի ուսանողները Հայոց պատմություն առարկայից բաց դաս անցկացրեցին Սարդարապատի հուշահամալիրում: «Արտագնա դաս եւ պատմության առերեսում» գաղափարի հեղինակը Հասարակական գիտությունների ամբիոնի ասիստենտ Մերի Նաջարյանն էր:
Խորհրդանշական է, որ ուսանողների տեղ հասնելուն պես սկսեցին ղողանջել Սարդարապատի զանգերը: Պահի անմիջական տպավորությամբ ուսանողներն արտահայտեցին այն միտքը, թե իրենք չեն պատրաստվում մայիսյան հերոսամարտերը եւ արցախյան հաղթանակը կերտած պապերի ու հայրերի արյան գնով վաստակած հողից «բաժին հանել» թշնամուն:
Հուշահամալիրին կից գտնվող Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանում ուսանողները ծանոթացան մայիսյան ճակատամարտին եւ 1918-20թթ․-ի Հայաստանի Հանրապետության ստեղծմանը վերաբերող նյութերին, տարբեր դարաշրջաններից պահպանված նյութական մշակույթի առարկաներին՝ բրոնզե դարի գործիքներից մինչեւ ազգային տարազներ եւ 20-րդ դարի գորգեր:
Ուսանողները նախաձեռնությանը մասնակցեցին մեծ ոգեւորությամբ, հաճույքով ունկնդրեցին պատմական ակնարկները ժամանակաշրջանի վերաբերյալ, փոխանակեցին գիտելիքներ ու կարծիքներ: Բաց դասի ավարտին նրանք հարգանքի տուրք մատուցեցին Սարդարապատի ճակատամարտի հերոսներին՝ նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: