Ապագա մասնագետները հայրենիքը ճանաչում են նաեւ ռազմահայրենասիրական դաստիարակությամբ

Փետրվարի 12-ին ՀԱԱՀ վարժարանի սաները զինղեկ, փոխգնդապետ Վահան Միրզոյանի ուղեկցությամբ այցելեցին Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Նախնական զինվորական պատրաստություն առարկայից նման արտագնա դասեր կազմակերպելու նպատակը պատանիներին, որոնք, երկու-երեք տարի անց լրացնելու են մեր բանակի շարքերը, մերօրյա հերոսների սխրանքներին ծանոթացնելն է, հայրենասիրական ոգով դաստիարակելը:

Սաներին դիմավորեց և համալսարանի առօրյային ու թանգարանին ծանոթացրեց թանգարանի տնօրեն Վեներա Ասլանյանը: Սովորողները եղան ժամանցի սենյակում, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանի «Հավերժ զինվոր» սենյակում: Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի, Արկադի Տեր-Թադևոսյանի մասին պատմությունները մեծ հետաքրքրությամբ լսելուց հետո վարժարանի սաները ուսումնասիրեցին հայկական արտադրության առաջին զենքերը:

Վարժարանի սաներին հատկապես հետաքրքրեց քառօրյա պատերազմի ժամանակ զոհված համալսարանի 10 շրջանավարտների ցուցափեղկը:

Այցն ի վերջո նպաստեց նաեւ հայրենաճանաչողությանը՝ կրթական համակարգի մաս կազմող կարեւոր գործընթաց, որը սկսվում է դպրոցից կամ ավելի վաղ: