Ձմեռային քննաշրջան. ուսանողները քննասենյակից դուրս էին գալիս պայծառ ժպտալով

Հին կարծրատիպ է, չէ, որ ուսանողը քննաշրջանում մտահոգ տեսք պետք է ունենա, լավ ուսումնասիրած-սերտած հարցաշարի ու տոմս քաշելու բարդույթի բեռի տակ կքած, անժպիտ-անքուն: Չէ, տեսնել էր պետք, թե հունվարի 10-ին, ԳՏ-1 կուրսի ուսանողներն ինչ պայծառ ժպիտով էին դուրս գալիս համակարգչային սենյակից, որտեղ լրացրել էին անգլերենի թեստն (հիմնականում A1-2 մակարդակ) ու ստացել գնահատականը:
Քննասենյակում են ուսումնական հարցերով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը, ՏՏ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանը, ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Դանիել Հայրապետյանը: Մեկնարկից առաջ ՏՏԿ աշխատակից Կարեն Մկրտչյանը ուսանողներին հանգամանորեն բացատրում է կանոնները: Թեստերը բաղկացած են 20 հարցից, յուրաքանչյուրը 5 միավոր է բերում 100-բալանի համակարգով գնահատման դեպքում (20-ի դեպքում համապատասխանաբար՝ 1):
Տեխնոլոգիական ֆակուլտետի դեկան Կարեն Մինասյանն էլ հավելում է, որ թեստը բազմագործոնային գնահատման մեկ բաղադրիչն է միայն: Վերջնական գնահատականը կձեւավորվի հաճախումներն ու լսարանում ակտիվությունը հաշվի առնելով: Գնահատականի անհամաձայնության դեպքում ուսանողը կարող է այն քննարկել դասախոսի հետ (լրացուցիչ հարցերով կարելի է եզրահանգման գալ):
Քննության տեւողությունը 50 րոպե է: Վերջին մեկ-երկու րոպեն ուսանողները կարող են օգտագործել սխալները ուղղելու համար: Օրինակ, Վաչե Գրիգորյանը «հաջողել» էր վերջին պահին ճիշտ պատասխանը սխալ դարձնել եւ բացարձակ գերազանց 20 գնահատականը հասցնել 19-ի: Բայց երիտասարդը գոհ էր ու քաջալերում էր հաջորդ հերթափոխի ընկերներին. «Շատ հեշտ է, էրեխեք, հանգիստ, առանց լարվելու լրացրեք: Բոլորդ էլ կարող եք»: