95-ամյա փառավոր ուղի․ Ագրարային համալսարանը նշանակալից հոբելյանը տոնում է վաստակած պարծանքով

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հոկտեմբերի 14-ին հանդիսավորությամբ նշեց եւ գրեթե մեկդարյա գնահատված վաստակի գիտակցությամբ արժեւորեց հիմնադրման 95-ամյա տարեդարձը։ Հոբելյանական միջոցառումը համալսարանի հանդիսությունների մեծ դահլիճ էր բերել բուհի երախտավորների, շրջանավարտների, ուսանողների, համալսարանի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների ու բարեկամների։ Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը, կրթության, ագրոպարենային, գիտության ոլորտների այլ ներկայացուցիչների։

Հոբելյանական միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի օրհներգերով։ Հոբելյանի առթիվ ողջունելով եւ շնորհավորելով ներկաներին, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մասնավորապես նշեց, որ պետության համար ռազմավարական առաջնահերթություն հանդիսացող ագրարային ոլորտում պրոֆեսիոնալ մասնագետներն են, որ նպաստում են երկրի առաջընթացին։ Պատահական չէ, որ պետությունը ամեն ջանք գործադրում է ոլորտի կրթության որակը բարելավելու ուղղությամբ․ ագրարային մասնագիտություններով սովորող ուսանողներին հատկացվող կրթաթոշակների, քոլեջներից, միջին մասնագիտական հաստատություններից եւ որոշ ավագ դպրոցներից առանց քննությունների Ագրարային համալսարան ընդունվելու արտոնությունների միջոցով պետությունը փորձում է ոլորտն ավելի գրավիչ, իսկ կրթությունն ավելի մատչելի դարձնել ապագա ուսանողների համար՝ չմոռանալով որակյալ կրթություն ապահովելու մեր պարտավորվածության մասին։ «Մենք երիտասարդներից վերցնում ենք իրենց ամենաբեղուն տարիները եւ պարտավորվում ենք իրենց տալ հնարավոր լավագույն կրթությունը», – ասաց պարոն Հայոցյանը եւ շնորհակալություն հայտնեց Ագրարային համալսարանին՝ ոլորտի համար լավ մասնագետներ պատրաստելու 95 տարվա հանձնառության համար, հավելեց, որ պետությունը կշարունակի անել հասանելիք աշխատանքը՝ ագրարայն կրթության հետագա զարգացման ուղղությամբ։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ջերմորեն շնորհավորեց Ագրարային համալսարանի հանրույթին եւ նշեց, որ 95-ամյա հոբելյանը կարեւոր հանգրվան է ոչ միայն մեր բուհի, այլեւ մեր երկրի ու պետության համար, քանի որ ագրարային ոլորտում մասնագիտական կադրերի պատրաստումը մեր երկրի համար ռազմավարական անվտանգության խնդիր է։ «Այս իմաստով բոլորս կարիք ունենք հետ նայելու եւ տեսնելու Ագրարային համալսարանի անցած 95-ամյա ճանապարհին եւ խոսելու ապագա անելիքների մասին, որոնք ագրարային ոլորտի կրթության նոր օրը պետք է նշանավորեն։ Այս ոլորտի կրթությունը պետք է շարունակի իր նպաստը բերել հանրային եւ տնտեսական զարգացմանը՝ սպասարկելով պետության կարիքները։ Ագրարային ոլորտում պետության բազմաթիվ ծրագրերը կարիք ունեն ամրապնդվելու մասնագիտական ռեսուրսով, եւ ոլորտի զարգացումը պետք է ներդաշնակ եւ համահունչ ընթանա այս ոլորտի կրթության որակի, մրցունակության բարձրացման հետ։ Վստահ եմ, որ բուհում մեծ ջանք է գործադրվում այս ուղղությամբ, իսկ համագործակցության սպասվող նոր ծրագրեըը կնպաստեն ուսանողների համալրմանը, որոնք կլրացնեն աշխատաշուկայում առկա մեծ պահանջարկը», – ասաց Ժաննա Անդրեասյանը։ Նա հիշեցրեց Ագրարային համալսարանում նեդրված կրթաթոշակի ծրագրի մասին, որի շնորհիվ անցյալ տարի գերակա մասնագիտական ուղղություններով սովորող 220 ուսանող կրթաթոշակ է ստացել եւ հույս հայտնեց, որ այս արդյունավետ գործիքակազմի շորհիվ տարեցտարի կավելանա ուսանողների թիվը։

Անդրադառնալով «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքին, նախարար Անդրեասյանն ասաց, որ այն գալիս է որակական նոր պահանջներ սահմանելու եւ առկա խնդիրները լուծելու ճանապարհները նշանավորելու։ «Վստահ եմ, որ 95-ամյա բուհն ունի ներուժ եւ խիզախություն` առերեսվելու իրականությանը եւ գտնելու ճանապարհներ` մրցունակության բարձրացման եւ որակի ամրապնդման։ Պետությունն այս գործընթացում լինելու է բուհի կողքին: Ագրարային ոլորտի կրթությունը պետության առաջնահերթ ուղղություններից է, եւ մենք մեծ ջանքեր ենք ներդնում, որպեսզի ունենանք ցանկալի որակ: Մենք արդեն շատ լուրջ առաջընթաց ունենք «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում, որտեղ եւս ագրարային ոլորտն առաջնահերթություն է», – ասաց ԿԳՄՍ նախարարը։

ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը ողջույնի իր ջերմ խոսքում շնորհավորեց գործընկերներին, համալսարանի բարեկամներին ու շրջանավարտներին։ Նա երախտագիտության խոսք ուղղեց բուհի 95-ամյա փառավոր ուղին կերտողներին՝ Ագրարայինի բոլոր ժամանակների նվիրյալներին՝ ղեկավարներին, պրոֆեսորադասախոսական, վարչական եւ սպասարկող անձնակազմերի ներկայացուցիչներին, ակտիվ ու պատասխանատու ուսանողներին եւ համալսարանի պատիվը բարձր պահող շրջանավարտներին։ Նրանք նպաստել են մեր երկրի պարենային ապահովվածության եւ անվտանգության խնդրի լուծմանը եւ ստեղծել մնայուն արժեք հանդիսացող բարիքներ։ «Ագրարային համալսարանի պատմությունը վստահությամբ կարելի է համարել ոչ միայն համալսարանի, այլեւ մեր երկրի ագրոպարենային ոլորտի առաջընթացի ու գիտական նվաճումների պատմություն։ Ագրարային համալսարանի ուժն ու հարստությունը բանիմաց, բարեխիղճ աշխատակիցներն են եւ սովորելու ու արարելու մեծ ձգտում ունեցող ուսանողներն ու շրջանավարտները», – ասաց պարոն Զաքոյանը։

Վերջին տարիներին Ագրարային համալսարանին ցուցաբերած համակողմանի օժանդակության համար ՀԱԱՀ ռեկտորը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեին, տեղական ու միջազգային գործընկերներին։ (Ռեկտորի շնորհավարական ուղերձն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։)

Երկարամյա ամբասիր աշխատանքի եւ համալսարանի 95-ամյա տարեդարձի կապակցությամբ ռեկտոր Զաքոյանը ՀԱԱՀ «Ոսկե հուշամեդալով» պարգեւատրեց համալսարանի մի շարք երախտավորների՝ Հրաչյա Ծպնեցյանին, Լիպարիտ Սահակյանին, Ստեփան Մարգարյանին, Գառնիկ Գիլոյանին, Սերգեյ Երիցյանին, Տաիրա Պապոյանին, Յուրի Մարմարյանին, Վիկտոր Աբրահամյանին։ «Ոսկե հուշամեդալով» են պարգեւատրվել նաեւ համալսարանի երկարամյա բարերարներ Ջուդիթ Սարյանն ու Վիկտոր Զառուգյանը, ինչպես նաեւ «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամի նախագահ Քեն Կակոսյանը: Երկարամյա արգասաբեր համագործակցության համար համալսարանի գործընկերներից ու բարեկամներից «Ոսկե հուշամեդալի» արժանացան ՔԱՐԴ հիմնադրամի հիմնադիր տնօրեն Գագիկ Սարդարյանը եւ Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը։

Շնորհավորական ուղերձները շարունակվեցին Ագրարային համալսարանի անցած գրեթե մեկդարյա ուղու մասին պատմող ֆիլմի ցուցադրումից հետո։ Ագրարայինցիներին ողջունեցին եւ շնորհավորեցին VetFarm նախագծի ղեկավար Ալի Աբկարը եւ Տիմիրյազեւի անվան Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիայի դոկտորանտ, ՀԱԱՀ դոցենտ Արամ Մուրադյանը․ պարոն Մուրադյանը նաեւ ընթերցեց ակադեմիայի ռեկտոր Վլադիմիր Տրուխաչյովի ուղերձն ու նրա անունից նվերներ հանձնեց։ Տեսաուղերձներով ՀԱԱՀ հոբելյանի առթիվ ջերմորեն ողջունեցին Վայհենշտաֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի նախագահ Էրիկ Վույեն, Վիեննայի ԲՈԿՈՒ համալսարանի ռեկտոր Էվա Շուլեւ-Ստայնդլը եւ ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի հիմնադիր տնօրեն Դանիել Դանը։

Երկարամյա նվիրված եւ բարեխիղճ աշխատանքի համար եւ ՀԱԱՀ հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ պատվոգրերի արժանացան համալսարանի մի շարք աշխատակիցներ․ պատվոգրերը հանձնեցին պրոռեկտորներ Հրաչյա Ծպնեցյանը, Գագիկ Թովմասյանը եւ Արամ Հովհաննիսյանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում ունեցած երկարամյա աշխատանքային գործունեության, համալսարանի զարգացման գործում ունեցած գիտակրթական եւ կազմակերպչական ներդրման համար ԿԳՄՍ նախարարության հուշամեդալով պարգեւատրեց  ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Թվային գյուղատնտեսության հայկական ինստիտուտի հիմնադիր տնօրեն, բուհի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանին, ՀԱԱՀ «Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի Պեստիցիդների սինթեզի եւ փորձաքննության բաժնի վարիչ Ալեքսանդր Ենգոյանին, ՀԱԱՀ Սննդագիտության եւ կենսատեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտի սննդի անվտանգության եւ կեսնատեխնոլոգիայի բաժնի, ինչպես նաեւ կենդանական ծագման հումքի եւ մթերքների վերամշակման տեխնոլոգիայի բաժնի վարիչ Աստղիկ Փեփոյանին։ Նախարարության շնորհակալագրեր ստացան պրոռեկտոր, պրոֆեսոր Հրաչյա Ծպնեցյանը եւ դոցենտ, ՀԱԱՀ արհեստակցական կազմակերպության ղեկավար Աննա  Աղաջանյանին։

Միջոցառման զարդն ու գեղարվեստական իմաստավորումը դարձան հայ ժողովրդական երգի սիրված մեկնաբաններ Արսեն Գրիգորյանի, Վարդան Բադալյանի եւ Մավր Մկրտչյանի առինքնող կատարումները՝ հողը, գյուղը, արարումը փառաբանող ժողովրդական իմաստուն երգերով՝ հոգեպարար գութաներգերից մինչեւ հզոր «Կենաց երգ», որի նվագակցումը, ներկաների համար անակնկալ կերպով, ապահովեց ռեկտոր Հրաչյա Զաքոյանը։

Միջոցառմանը յուրահատուկ հմայք հաղորդեց հմուտ վարողը՝ Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի դասախոս Ծաղկանուշ Միրզոյանը։ Երախտագիտության արժանի է նաեւ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանի կատարած կազմակերպչական մեծ աշխատանքը։