Երեկ՝ փետրվարի 17-ին, Մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի առաջատար մասնագետ Մարիամ Ատալյանը հերթական անգամ ընդունել էր հետաքրքիր ու հետաքրքրված երիտասարդների, այս անգամ՝ Երեւանի հայ-հունական պետական քոլեջի մի խումբ ուսանողների՝ Սննդամթերքի տեխնոլոգիա, Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն եւ Զբոսաշրջություն մասագիտությունների ավարտական կուրսերից։
ՀԱԱՀ Ուսանողների հաջողությունների կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանը հրավիրվել էր ՀԱԱՀ Ուսումնական գործընթացի կառավարման վարչության ուսումնական գործընթացի համակարգման բաժնի վարիչ Հայկ Մկրտչյանը, որը հայ-հունականցիներին ներկայացրեց համալսարանի կրթական ծրագրերին, ընդունելության ընթացակարգերին, ագրարային հիմնական մասնագիտություններով ընդունելության արտոնյալ պայմաններին, բարձր կրթաթոշակ ստանալու հնարավորությանը, փորձուսուցման կազմակերպման առանձնահատկություններին, եւ հաճույքով պատասխանեց նրանց հարցերին։
ՀԱԱՀ-ի ուսումնափորձարական նորարարական կենտրոններից քոլեջականներին այս անգամ հետաքրքրում էին երեքը՝ Մինիգարեջրագործության եւ թորման, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության եւ Կաթմամթերքի, մսամթերքի եւ պահածոյացման լաբորատորիաները․ հենց այս լաբորատորիաներին էլ նրանք մեծ հետաքրքրությամբ ծանոթացան հանդիպմանը հաջորդող շրջայցի ընթացքում։
Հայ-հունական պետական քոլեջի եւ Ագրարային համալսարանի հուսալի գործընկերությունն ու գործակցությունը տարիների պատմություն ունի։ Քոլեջի սաների յուրաքանչյուր այցելություն առանձնանում է նպատակայնությամբ, ագրարային մասնագիտությունների հանդեպ նրանց իրական հետաքրքրության եւ, շատերի պարագայում՝ Ագրարայինում ուսումը շարունակելու հաստատակամության դրսեւորմամբ։ Այս առումով անուրանալի են Հայ-հունական պետական քոլեջի մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի ուղղորդման պատասխանատու Անի Բաղումյանի անձնական ներդրումը եւ կազմակերպչական ջանքերը․ տիկին Բաղումյանն այս անգամ էլ ուղեկցում էր ուսանողներին։














