Հոկտեմբերի 9-ին կայացավ գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Օրակարգային առաջին հարցով զեկուցող՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը ներկայացրեց համալսարանի 95-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀԱԱՀ «Ոսկե հուշամեդալով» պարգեւատրման թեկնածուներին։ Գիտխորհրդի անդամները ոգեւորությամբ ընդունեցին բոլոր տասներեք թեկնածուների՝ երախտավորների, գործող աշխատակիցների եւ համալսարանի գործընկերների ու բարեկամների անունները։ Ոսկե հուշամեդալն արժանավորներին կհանձնվի հոկտեմբերի 14-ին՝ հոբելյանական միջոցառման ժամանակ։
Ինչպես նշեց ռեկտոր Զաքոյանը, այդ ոգեւորությունն ու ծափահարությունները հենց բազմամյա անբասիր աշխատանքի ու նվիրվածության արդյունքն են, ընդ որում ամենակարեւոր գնահատականը ուսանողներինն է։ Իսկ գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Մարմարյանն ասաց․ «Շնորհակալություն ճիշտ ընտրության համար․ բոլորն էլ արժանավոր թեկնածուներ են, գիտության, կրթության, հացի ու գործընկերության հարգը իմացող մարդիկ»։
Համալսարանի առաջընթացին համակողմանի աջակցության համար հուշամեդալի կարժանանան նաեւ հայաստանյան եւ արտերկրի գործընկերներ, որոնք, պարոն Զաքոյանի խոսքով՝ «տարբեր ծրագրերի շրջանակում ու տարբեր դրվագներով եղել եւ շարունակում են մնալ համալսարանի կողքին»։
Այնուհետեւ գիտխորհրդի նախորդ՝ սեպտեմբերյան նիստի հանձնարարականների կատարողականի վերաբերյալ հաղորդումներով հանդես եկան Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյան եւ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանը։
ՈՒԳԿՎ պետ Արմեն Աղասարյանի հերթական զեկուցումից հետո հաստատվեցին 2025-2026 ուստարվա առաջին կիսամյակում անվանական կրթաթոշակներ ստացող ուսանողները։ Ներկայացվեցին եւ հաստատվեցին նաեւ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության տեղերը, թեմաները ու գիտական ղեկավարները: Ռեկտոր Զաքոյանը ողջունելի քայլ համարեց ասպիրանտական տեղերի ավելացումը, ընդ որում՝ հետագա ավելացման սպասումով եւ նշեց, որ «այս զարգացումը եւս համընկնում է մեր աշխատանքի ընդհանուր տեմպին»։
Ընթացիկ հարցերի շարքում շահագրգիռ քննարկում ծավալվեց ուսանողների աշխատանքային կիսամյակների անցկացման գործընկեր որոշ գործատուների չափազանցված բարձր գնահատականների շուրջ։ Գիտխորհրդի գնահատմամբ, 10 գործատուներ 86-ից բարձր չարդարացված միավորներ են շռայլել 15 ուսանողի։ Ահազանգերը եկել են ամբիոններից եւ դեկանատներից։ Հարցի քննարկումը հասունացել էր եւ գիտխորհուրդն էլ սկզբունքային գնահատական տվեց իրավիճակին՝ որոշելով մշակել վերահսկողության ռազմավարություն, որը կբացառի մեր որոշ գործընկեր կազմակերպությունների ձեւական մոտեցումները եւ ի վերջո՝ նրանց հետ գործընկերության շարունակությունը։ «Հարյուր միավոր ստանալը պետք է լինի բացառիկ, սենսացիոն հաջողություն։ Մինչդեռ ունենք գործատուներ, որոնք այդ շռայլված հարյուրից այնկողմ չեն էլ հետաքրքրվում աշխատանքային կիսամյակի ընթացքով։ Մենք պարզապես կդադարեցնենք անպատասխանատու գործատուների հետ համագործակցությունը։ Փորձուսուցման տեղից թերթիկ բերելու եւ գերագնահատված ուսանողներ ունենալու քաղաքականությունը վաղուց Ագրարայինինը չէ։ Մեր գործընկերները պետք է մեկընդմիշտ հասկանան, որ մեր ուսանողներին ավելի ուժեղ եւ դիմակայուն են դարձնում ոչ միայն վարձատրելով, այլեւ խստապահանջությամբ», – ասաց ռեկտոր Զաքոյանը։
Գիտխորհուրդը երկու տարով երկարաձգեց էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետը, կազմը թողնելով նույնը՝ հաշվի առնելով մինչ այժմ կատարած լավ աշխատանքը։