Երեկ՝ մարտի 5-ին, հյուրընկալեցինք երկրի հնագույն դպրոցներից մեկի՝ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի (հիմնադրվել է 1932 թ․) 6-րդ դասարանի խելացի ու առինքնող աշակերտներին։
Ագրարային համալսարանի հետ ծանոթությունը սկսեցին․․․ Գարեջրագործության եւ թորման լաբորատորիայից։ Այնուհետեւ եղան Անտառագիտության կենտրոնում, որտեղ ջերմ ընդունելության արժանացան իրենց դպրոցի շրջանավարտ, ՀԱԱՀ Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս Զարինե Թարխանյանից։ Տիկին Թարխանյանի հետաքրքիր զրույցը անտարբեր չթողեց երեխաներից ոչ մեկին․ այն գեղեցիկ ձոն էր անտառին, բնությանը, հայրենիքին։ Երեխաները կենտրոնից դուրս եկան՝ ոգեւորված ոչ միայն նոր ու արժեքավոր գիտելիքով, այլեւ տիկին Թարխանյանի՝ հաջորդ հանդիպումը Դիլիջան ազգային պարկում եւ Ստեփանավանի դենդրոպարկում անցկացնելու խոստմամբ, գուցե նաեւ՝ ապագա մասնագիտության մասին առաջին մշուշոտ պատկերացումներով։
Հաջորդ կանգառը Ընդհանուր քիմիայի լաբորատորիայում էր։ Վեցերորդցիները դեռեւս քիմիա առարկան չեն ուսումնասիրում, սակայն, երբ սկսեն ուսումնասիրել, արդեն որոշակի գաղափար կունենան մի քանի նյութերի եւ դրանց փոխազդեցությունների մասին․ չէ որ հատուկ նրանց համար մի քանի հետաքրքիր փորձ էր նախատեսված լաբորատորիայում։
Շրջայցը եզրափակվեց Գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայում, որտեղ երեխաները զարմացրեցին իրենց գիտելիքներով, տված հարցերի որակով։ Երեխաների մեջ նույնիսկ անօդաչու թռչող սարք ունեցողներ կան․․․