Ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ ռեկտորատի այս տարվա վերջին նիստը մեկնարկեց գիտական քարտուղար Գայանե Ավագյանի՝ նախորդ նիստի որոշումների կատարողականի մասին հաղորդմամբ․ չկատարված որոշումներ չկան։
Հեռակա ուսուցման համակարգում ուսումնական գործընթացի եւ կիսամյակային քննությունների կազմակերպման վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան դեկանները եւ Սիսիանի ու Վանաձոր մասնաճյուղերի տնօրենները։ Զեկուցումներից պարզ դարձավ, որ քննություններն, ընդհանուր առմամբ, ընթանում են բնականոն հունով։ Արձանագրվեց, որ որոշակի բարելավում կա բացակայությունների եւ ուսման վարձավճարների մուծման հարցում։
Արձանագրվեց, որ քոլեջի եւ վարժարանի՝ կամավոր ատեստացիային մասնակցած մանկավարժները բավականին լավ արդյունքներ են գրանցել, որը թույլ կտա էականորեն բարձրացնել նրանց աշխատավարձերը։ Այս առիթով ռեկտոր պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը ռեկտորատի ուշադրությունը հրավիրեց նաեւ բուհի ներսում՝ բակալավրիատում եւ մագիստրատուրայում դասավանդող դասախոսներին խրախուսելու մեխանիզմ մշակելու անհրաժեշտության վրա։ «Իր աշխատանքի որակի բարձրացման վրա աշխատող դասախոսը պետք է զգա իր նկատմամբ տարբերակված վերաբերմունքը», – նշեց պարոն Զաքոյանը։
Ինչ վերաբերում է կամավոր ատեստացիային, պարոն Զաքոյանն ասաց, որ անհրաժեշտ է արդեն գրանցված հաջողությունների համատեքստում ավելի հետեւողականորեն աշխատել մանկավարժների հետ՝ նրանց մղելով օգտվելու մասնագիտական կատարելագործման այս հնարավորությունից, մանավանդ, որ իրենք ունեն մեր բուհի՝ ատեստացիայի նյութերի հեղինակ մասնագետների հետ խորհրդակցելու պատեհությունը։
Ուսանողների ինքնուրույն աշխատանքների կատարման եւ գնահատման վերլուծության արդյունքների վերաբերյալ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Աննա Դաշտոյանի զեկույցը հետաքրքրական մի քանի տվյալներ էր բովանդակում։ Նախ, նվազել է 80-ից բարձր գնահատական ստացած ուսանողների թիվը․ տիկին Դաշտոյանը սա բացատրում է որպես բարձր գնահատականների «նվիրատվության» արատավոր երեւույթի նվազման հստակ ցուցանիշ։ Առհասարակ, ինքնուրույն աշխատանքների գնահատման գործընթացի համատեքստում ՈԳԱ կենտրոնն ուսումնասիրել է 10 ամբիոնների գործունեությունը, ընդ որում՝ կիրառելով միջազգային փորձի վրա հիմնված կատարալագործված մեթոդաբանություն, ներառյալ ֆոկուս խմբային քննարկումները, որոնք օգնել են հասկանալ ուսանողի հետ աշխատանքում առկա խնդիրները։
Ակնհայտ է, որ այս տարվա գնահատականներն ավելի իրատեսական են, իսկ ինքնուրույնության մակարդակը բարձրացել է, թեպետ թեմաների կրկնության եւ հնացած գրականության օգտագործման երեւույթների հաղթահարման գործում դեռ անելիքներ կան։ Թեմաների հստակեցման, դրանք ավելի հետազոտահեն դարձնելու անհրաժեշտություն կա, նշեց տիկին Դաշտոյանը։
Այս առումով պարոն Զաքոյանը նշեց, որ ինքնուրույն աշխատանքների թեմաները պետք է շարունակեն մնալ ուշադրության կենտրոնում եւ՝ քննարկման առարկա․ մասնավորապես, ուսանողի ուժից վեր նիշ չի կարելի սահմանել։ «Սովորեցնել չի նշանակում միայն գիտելիք փոխանցել․ գնահատումը կարեւոր է այն առումով, որ ուսանողը պիտի իմանա իր թույլ կողմերը, մենք պետք է իրեն օգնենք, որ նա համոզված լինի գնահատականի անաչառության մեջ», – ասաց պարոն Զաքոյանը։