Ավարտին են մոտենում Եւրոպական միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ծրագրի «Կրթության փոխակերպումը հանուն կանաչ եւ կայուն ապագայի» («T-GREEN») եռամյա նախագծի 1-ին տարվա համար նախանշված աշխատանքները։ Նախագծի միջազգային հերթական աշխատաժողովն անցկացվեց Կրակովի Յագելոնյան համալսարանում (Լեհաստան), որին մասնակցեցին T-GREEN ծրագրի ՀԱԱՀ համակարգող Լուսինե Մնացականյանը, ծրագրի փորձագետներ Մարիամ Մովսիսյանը, Էմիլ Գեւորգյանը եւ Արման Հարությունյանը։
«T-GREEN»-ը բուհերում իրականացվող հետբակա¬լավրիա¬կան կրթությանն անհրաժեշտ բարեփոխումներին ուղղված նախագիծ է, որի համար առանցքային է «կանաչ» քաղաքականությունը։ Նախագիծը միավորել է 17 կառույց, այդ թվում 4 եւրոպական եւ 9 հայաստանյան բուհեր, ներառյալ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։ Նախագիծը բուհերին հնարավորություն կտա ավանդական կրթական ծրագրերից անցում կատարելու կանաչ եւ միջառարկայական ուսումնական ծրագրերի՝ խթանելով ուսանողների շարժունությունը, մշակելով համատեղ որակավորման աստիճան շնորհող կրթական ծրագրերի իրագործման կառուցակարգեր։
Հանդիպման ընթացքում նախագծի մասնակիցները քննարկեցին օրակարգային այնպիսի հարցեր, ինչպիսիք են ուսումնական ծրագրերի Եւրոպական չափորոշիչները եւ մշակման գործելակերպը, ուսանողների փոխանակումը, կրեդիտների փոխանցման եւ ճանաչման ընթացակարգերը, կրկնակի, համատեղ եւ բազմակի դիպլոմները, միկրոհավատարմագրերը եւ այլն։
Առանձնահատուկ ջերմ էր Յագելոնյան համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Արմեն Եդիգարյանի հետ հանդիպումը, որի ընթացքում նա ներկայացրեց համալսարանի պատմությունն ու ներկան, անդրադարձավ այն մարտահրավերներին, որոնց առերեսվում է եւրոպական կրթական համայնքն այսօր։
- 21/12/2023
- 2023