Ագրարային համալսարանի հյուրընկալ դռները միշտ բաց են բոլոր նրանց համար, ովքեր մասնագիտական ընտրության պատասխանատու քայլը կատարելուց առաջ կարիք ու ցանկություն ունեն ստանալու մասնագիտական կողմնորոշում եւ ավելի մոտիկից ծանոթանալու աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններին:
Հերթական այցելուները Երեւանի Ալ. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները, ՀԱԱՀ հանրակրթական ուսուցման ծրագրերի վարժարանի սաներն ու Հայ-հունական քոլեջի ուսանողներն էին՝ շուրջ 130 պատանի:
ՀԱԱՀ կարիերայի եւ շարունակական կրթության բաժնի առաջատար մասնագետ Մանե Շուշանյանը, ինչպես միշտ, սիրով, ժպիտով եւ հանգամանալից ներկայացրեց համալսարանի պատմությունը, նորարարական ենթակառույցները, աշխատաշուկայում պահանջված մասնագիտությունները, արտերկրում ուսումը շարունակելու՝ ՀԱԱՀ-ի ընձեռած բազմաթիվ հնարավորությունները:
Ագրարային համալսարանի վերաբերյալ տեսական տեղեկատվություն ստանալուց հետո պատանիները Կարիերայի բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ խմբերով շրջեցին համալսարանում, եղան ՀԱԱՀ ջերմատանը, Գինեդարանում, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության, Գյուղատնտեսական ԱԹՍ-ների, Գարեջրագործության եւ թորման լաբորատորիաներում, Հողային եւ ջրային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնում, Անասնաբուժական կլինիկական լաբորատորիայում եւ այլ ենթակառույցներում, որտեղ ստեղծված են բուհում ստացած մասնագիտական տեսական գիտելիքները գործնականում կիրառելու եւ ագրարային ոլորտի մասնագետ դառնալու համար անհրաժեշտ հմտություններ զարգացնելու բոլոր հնարավորությունները:
Այցելուները եղան նաեւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում, որը ՀԱԱՀ-ի եւ Տեխասի A&M համալսարանի՝ 2000 թ-ից գործող համատեղ կրթական ծրագիրն է: Շրջանավարտները ստանում են ինչպես ՀԱԱՀ դիպլոմ, այնպես էլ Տեխասի A&M համալսարանի հավաստագիր՝ համալրելով երկրի ագրոպարենային եւ հարակից ոլորտի լավագույն մասնագետների շարքերը։ Նրանք կենտրոնի ստեղծման օրվանից մինչ այսօր մասնագիտական աշխատանք գտնելու խնդիր դեռ չեն ունեցել: