Ամառային դպրոց. Երբ ի մի են գալիս գինեգործության հին ու նոր փորձառությունները

Ամառը հրաշալի շրջան է տեսական գիտելիքը, հետաքրքրությունները, երազանքները միախառնելու, նոր մակարդակի-նշաձողի-նպատակակետի հասնելու համար:

Այսօր՝ հուլիսի 18-ին, ագրիթեք սրահում էին հավաքվել գինեգործության նրբություններով, անգամ նրբերանգներով հետաքրքրված մարդիկ: Լսարանը ընդգրկուն էր՝ Ագրարայինի ուսանողներից մինչեւ տարբեր տարիքային խմբերի ֆիզիկոսներ, Ամերիկյան համալսարանի շրջանավարտներ: Իսկ գործոնը մեկն է՝ անհնար է անդադար թմբկահարել, թե աշխարհում առաջին ումպ գինին մենք ենք արարել… 6000 տարուց պետք է վերացարկվել ու առաջ գնալ, ուսումնասիրել աշխարհի դրական փորձը, նոր մոտեցումներից տեղյակ լինել, զինվել ժամանակակից տեխնոլոգիաները խորապես յուրացնելու կամքով:

Հենց այս նպատակն է հետապնդում նաեւ «Գինու բիզնես 2023» դասընթացը վարող Գայզենհայմի համալսարանի պրոֆեսոր, Ագրարային համալսարանի հին ու նվիրված գործընկեր եւ մեր համալսարանում գործող Ի-Վի-Էն գինու ակադեմիայի երախտավոր Յոն Հանֆը։ Ամառային դպրոցն իրականացվում է GIZ-ի «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) նախագծի շրջանակում։ Սա GIZ-ի ծրագրերից հիմնարարներից է, որը բազում բաղադրիչներով տարիներ շարունակ իրականացվում է մեր երկրում եւ հուսանք դեռ երկար ճանապարհ ունենք միասին անցնելու: