Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի Հողաշինարարություն, հողային կադաստր մասնագիտության բակալավրիատի այս տարվա շրջանավարտ Քրիստինե Դավթյանը, չնայած բարյացակամությանը, «ասող-խոսող» չէ: Ավելին՝ ամոթխած է: Նրանից բառ կորզելը ջանք է պահանջում:
Ասում է. «Պատահաբար եմ ընտրել մասնագիտությունը,- աշխատանքային մեծ հաջողությունների հասած մեր բազմաթիվ շրջանավարտներից հաճախ ենք լսել այս միտքը, որի՝ արդեն կանխավ հայտնի շարունակությունն էլ չի ուշանում,-բայց չեմ փոշմանել եւ սիրում եմ իմ գործը:
Սա նշանակում է՝ մեր մասնագետները կարողացել են ուսանողի հետ ճիշտ աշխատել, զինել մրցունակ գիտելիքով ու հմտություններով: Իսկ անցյալ տարվանից մեր երկրում առաջին անգամ մեր բուհում ներդրված աշխատանքային կիսամյակի շատ կարեւոր գաղափարը մեծապես նպաստեց աշխատաշուկայի հետ էլ ավելի սերտ ու առարկայական հարաբերությունների հաստատմանը եւ դրա պահանջարկի նպատակային բավարարմանը: Մյուս կողմից, ասում ենք՝ շատ կարեւոր, որովհետեւ սա բացառիկ հնարավորություն է, որ խելացի-երիտասարդ մասնագետը գտնի ի´ր աշխատանքը:
Քրիստինեն աշխատանքային կիսամյակն անցկացրեց ՀՀ կադաստրի կոմիտեում, որտեղ նրան սրտաբաց ընդունեցին բոլորը, բայց հատկապես՝ Ագրարայինի շրջանավարտ աշխատակիցները:
Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի եւ հողաշինարարության վարչության պետի տեղակալ, տ.գ.թ. Մկրտիչ Մկրտչյանը, որ նաեւ դասավանդել է Քրիստինեին ու ծանոթ է նրա կարգապահ-ճշտապահ վարքին, աշխատասեր բնույթին, խորհուրդ տվեց պատրաստվել ու հանձնել քաղծառայության մեկնարկային աստիճանի քննությունը:
Այս փորձությունը պատվով հաղթահարելուց հետո Քրիստինե Դավթյանը աշխատանքի անցավ ՀՀ կադաստրի կոմիտեում, որտեղ առաջընթացի ու մասնագիտական աճի համար կան բոլոր նախադրյալները: