ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը հունիսի 9-ին մասնակցել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) եւ ՀՀ ֆինանսների նախարարության կազմակերպած միջգերատեսչական խորհրդատվական աշխատաժողովին, որը նվիրված էր գյուղատնտեսության ոլորտում հարմարվողականության ներդրումային պլանավորմանը՝ «Որոշումների կայացման բարելավումը հանուն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կլիմայադիմակայուն զարգացման» տեխնիկական օժանդակության տարածաշրջանային նախագծի շրջանակում։
Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Աշխատաժողովին գործուն մասնակցություն ցուցաբերած շահակից կողմերը՝ կառավարության, դոնոր կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների, մասնավոր հատվածի եւ կրթագիտական հանրության ներկայացուցիչները քննարկեցին, մասնավորապես, գյուղոլորտում հարմարվողականության առաջնահերթությունները ներդրումային պլանների հիմք դարձնելուն, հարմարվողականության ներդրումային պլանները համարժեք կերպով ֆինանսավորելուն առնչվող հարցեր։
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը խոսեց ՀԱԱՀ այն ուսումնական պլանների բարեփոխումների մասին, որոնք անմիջականորեն առնչվում են կլիմայափոխությանը, հարմարվողականությանը, հարակայուն գյուղատնտեսությանը, շրջանաձեւ տնտեսությանը, օրգանական եւ ճշգրիտ գյուղատնտեսությանը։ Պարոն Ուռուտյանն անդրադարձավ կլիմայափոխության հարմարվողականությանը վերաբերող՝ համալսարանի ենթակառուցային վերջին նախագծերին, ինչպիսիք են տվյալների հավաքումը իրերի համացանցի լուծումների միջոցով, հողի տվիչները, թվային եղանակային կայանները, ինչպես նաեւ բանջարեղենի աճեցման նորարարական ցուցադրական դաշտը, որտեղ մուլչապատման եւ ենթացանքի փորձեր են կատարվում, կարկտապաշտպան ցանցերը, լարասյունային համակարգերը, կաթիլային ոռոգումը եւ այլն։
Ռեկտորը խոսեց նաեւ առաջիկայում գործարկվելիք ագրոբոտների կենտրոնի, ագրոտեխնոլոգիաների ոլորտը երիտասարդության համար գրավիչ դարձնելու, ավագ դպրոցներում ագրոտեխնոլոգիական հոսքի դասարաններ բացելու մասին, որտեղ, ի դեպ, դասավանդվելու են նաեւ կլիմայափոխության հարմարվողականությանը վերաբերող մոդուլներ։ Ռեկտոր Ուռուտյանն անդրադարձավ նաեւ համալսարանում իրականացվող՝ կլիմայափոխության եւ առհասարակ կանաչ տնտեսությանն առնչվող հետազոտական աշխատանքներին։
Քննարկումներին մասնակցեցին վերոնշյալ գերատեսչությունների պատասխանատուներ, ԵՄ պատվիրակության, ՀԲ-ի, ՄԱԿ-ի ՊԳԿ-ի, Շվեյցարական զարգացման համագործակցություն գրասենյակի, Ավստրական զարգացման գործակալության եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։