Այսօր՝ մարտի 30-ին, համալսարանը հյուրընկալել էր բնապահպանական միջազգային՝ «Սեւ ծովի մաքրության համար ջրահոսքերի պաշտպանություն՝ կրճատելով դրանց աղտոտումը նստվածքներով ու աղբով՝ կիրառելով մշտադիտարկման եւ վերահսկման համատեղ նորարարական գործիքներ եւ բնահենք գործելակերպ» թեմայով աշխատաժողովի մասնակիցներին: Բացման խոսքով հանդես եկավ ծրագրի ղեկավար Անդրանիկ Ղուլիջանյանը: Հյուրեր ունեինք Հունաստանից, Ռումինիայից, Թուրքիայից եւ Մոլդովայից:
Շատ կարեւոր հանգամանք է, որ մեր երկրից զեկուցումներով հանդես եկած հինգ մասնակիցներից երկուսը՝ ամենաերիտասարդները, մեր համալսարանից էին: Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Մոնիկա Խաչատրյանը («Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կայուն օգտագործման վրա ազդող գործոններ») եւ բակալավրիատի ուսանող Ալիկ Բադալյանը («Ագրոանտառային տնտեսությունը՝ որպես բնահենք լուծում՝ Հայաստանում էրոզիայի նվազեցման եւ վերահսկման միջոց») վայելուչ եւ արժանապատվորեն ներկայացան ժողովին, որի աշխատանքային լեզուն անգլերենն էր:
Վաղը աշխատաժողովը կշարունակվի, սպասվում են ծրագրի գործընկերների հետ քննարկումներ եւ այցելություն փորձնական տարածք: