Անկախության տոնի կապակցությամբ ՀԱԱՀ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի 11-րդ դասարանի աշակերտները հանդիպում ունեցան քաղաքական գործիչ, 1990-1995 թթ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մանուկյանի հետ: Վարժարանի հերթական նախաձեռնությունը հետապնդում էր ճանաչողական-դաստիարակչական նպատակ:
Պարոն Մանուկյանը հեռու էր դասախոսություն-ներկայացում անելու մտքից, նա հանդիպումը սկսեց ակտիվ հարցերով՝ անկախության եւ ազատության մասին երեխաների պատկերացումներին ծանոթանալու համար: Հարցերով ու քննարկումներով էլ շարունակվեց շատ հետաքրքիր, բովանդակալից ու օգտակար հանդիպումը: Մասնագիտությամբ մանկավարժ Մանուկյանը, հմտորեն կառավարելով լսարանը, կարողացավ տեղ հասցնել ամենաէականը գլխավորի մասին. անկախությունը ճանապարհ է դեպի ազատություն՝ ինքնորոշման միջոցով:
Արամ Մանուկյանը վարժարանցիներին հորդորեց «զգուշանալ» հիմքից կեղծ այն դրույթից, թե Հայաստանի անկախությունը Խորհրդային Միության փլուզման շնորհիվ «երկնքից իջած» նվեր է: Նա ըստ արժանվույն գնահատեց դեռ խորհրդային կայսրության հզորության տարիներին Հայաստանի ինքնիշխանության համար պայքարած, երկար տարիներ խորհրդային բանտերում ու աքսորներում մաքառած անկախականների, ինչպես նաեւ 1988-ից թափ առած համազգային շարժման նվիրյալների ներդրումը: «Առանց նրանց, Հայաստանը ոչ թե կդառնար հայոց հազարամյա երազանքի մարմնացումը՝ Հայաստանի Հանրապետության տեսքով, այլ այդպես էլ կմնար «Երկիր Նաիրի»՝ Չարենցի ասած միֆը, ուղեղային մորմոքը, ոչ ավելին», – ասաց Արամ Մանուկյանը:
Բնականաբար, երեխաների բազմաթիվ հարցերից մեկը վերաբերելու էր Արամ Մանուկյանի՝ 1990 թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդում ընթերցած՝ Հայաստանի անկախության մասին հռչակագիրը: Պարոն Մանուկյանը պատմեց այն հուզմունքի, մեծ պատասխանատվության զգացումի մասին, որ ինքն ապրել է ի լուր աշխարհի՝ հռչակագրի ընթերցումից առաջ եւ այդ ընթացքում: Ի դեպ, պատասխանելով մեկ այլ հարցի, նա նշեց, որ հռչակագրի գրեթե բոլոր կետերը հետագայում առարկայական կերպով ցույց են տվել իրենց կենսունակությունը:
Վարժարանի աշակերտների, մանկավարժների եւ Արամ Մանուկյանի միջեւ ստեղծված օրգանական կապն էր, որ երեխաներին ստիպեց բանախոսին նախատեսված ժամանակից շատ ավելի երկար «պահել» լսարանում: Երեխաներն առնվազն երեք պատճառ ունեին դրա համար՝ բանախոսի հրամցրած ճշմարտացի տեղեկությունները պատմական անցքերի ու դեմքերի վերաբերյալ, այսօրվա իրավիճակի սթափ եւ օբյեկտիվ գնահատականը եւ իհարկե նրա առինքնող անհատականությունը:
Հանդիպման ավարտին, բարձր գնահատելով աշակերտների հարցերի խորքայնությունն ու հասունությունը, պարոն Մանուկյանը հարցերի հեղինակներին նվիրեց Անկախության հռչակագրի՝ իր ստորագրությամբ օրինակներ, անկախությանը նվիրված՝ իր հեղինակած գրքեր, ցուցադրեց անկախության հանրաքվեի բնօրինակ քվեաթերթիկը, «դրդեց» ասմունքի, հաճույքով ընդունեց հաջորդ հանդիպման հրավերը: