Ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը, որի քննարկած հիմնական հարցը 2019-2020 ուսումնական տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ուսանողների հաճախումներն էին:
Թեպետ դեկանների, դեպարտամենտների պետերի, մասնաճյուղերի եւ քոլեջների տնօրենների աշխատանքի շնորհիվ հաճախումների հարցում դրական տեղաշարժն ակնհայտ է, բայց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանի գնահատականը բավականին խիստ էր՝ ավելիին հասնելու հստակ ուղերձով: Ընդ որում, պարոն Մակարյանն ամենեւին հակված չէ միայն ուսանողներին մեղադրել բացակայությունների համար. «Երբ կուրսում մեծ թվով ուսանողներ պարբերաբար բաց են թողնում կոնկրետ դասախոսի դասերը, այստեղ խնդիրն արդեն դասախոսից է ծագում»:
Ուսանողի հեռացումն, անշուշտ, որպես արմատական միջոց, իր դերը կատարում է կարգապահության առումով. հիմա համալսարանում կարծես արդեն բոլորն են քաջատեղյակ, որ բացակայությունների համապատասխան սահմանաչափը «սպառած» ուսանողը դուրս է մնում համալսարանից: Քաջատեղյակ են նաեւ, որ Ագրարային համալսարանում որեւիցե այլ մեխանիզմ, քան երկրի օրենքներով ու համալսարանի ուսումնական գործընթացը կանոնակարգող փաստաթղթերի տառն ու ոգին են՝ չկա եւ չի կարող լինել: Սակայն հեռացումների աճող թիվն իր հերթին հուշում է, որ ուսանողների հետ բացատրական աշխատանքը պատշաճ մակարդակով չի արվում, որի մասին, պրոռեկտորից բացի, նշեց նաեւ ռեկտոր Ուռուտյանը: Ընդ որում այս հարցում նա ակնկալում է նաեւ ուսխորհրդի գործուն ներգրավումը:
Դեկանատներն ու Ուսումնական գործընթացի կառավարման վարչությունը կներկայացնեն հաճախումների ցուցանիշի բարելավման մեխանիզմներ՝ դրանց պատճառների վերլուծության հիման վրա:
Ընթացիկ հարցերի շարքում քննարկվեց զինծառայության ընթացքում մարտական գործողությունների եւ մարտական հերթապահության մասնակից ուսանողների զեղչերի հարցը:
Թեստային համակարգի ներդրման ընթացքի մասին զեկուցեց Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանը: Ամբիոնների տրամադրած թեստերի 55-60 տոկոսը արդեն մուտքագրված է համակարգ: Գնահատման եւ թեստավորման վերակառուցված կենտրոնի կահավորումից հետո ակնկալվում է, որ հունվարին թեստային համակարգի փորձարկում կանցկացվի: Պարոն Ուռուտյանը տեղեկացրեց, որ թեստավորման կենտրոնի 4 սենյակներում կտեղադրվի 96 համակարգիչ: Կենտրոնում ոչ միայն քննություններն են անցկացվելու, այլեւ՝ տարբեր դասընթացներ:
Որակի ապահովման ազգային կենտրոնի հանձնաժողովը վերջերս համալսարանի ստրաբաժանումների հետ ինտենսիվ հանդիպումների շարք է անցկացրել համալսարանի պետական հավատարմագրման նպատակով: ՀԱԱՀ-ի Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Մարիամ Մովսիսյանի փոխանցմամբ, հունվարի վերջին սպասվում է հանձնաժողովի նախնական գնահատականը: Հավատարմագրումը սպասվում է 2020թ. ապրիլին:
Հանձնաժողովի հետ շահագրգիռ քննարկումների թեմա են դարձել ուսումնական պլանները, կրթական ծրագրերը, դասախոսների վերապատրաստումը, առարկայական ծրագրերի որակական փոփոխությունները, հետազոտական բաղադրիչի ուժեղացման հարցը եւ այլն: Ռեկտոր Ուռուտյանը նշեց, որ հանձնաժողովը գոհունակությամբ է արտահայտվել «մեր բաց լինելու, անկաշկանդ ձեւաչափով քննարկումների, մեր տեսլականի, զարգացման ծրագրի եւ իհարկե աշխատելու պատրաստ մեր թիմի ներուժի մասին»: Պարոն Ուռուտյանը ՈԱԱԿ-ի մեր գործընկերներից ակնկալում է լավ առաջարկոթյունների փաթեթ, որն իր հերթին կբարելավի մեր աշխատանքը:
Գույքագրման ընթացքի վերաբերյալ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանն իր զեկուցման ընթացքում անդրադարձավ գույքի համարակալման եւ կոդավորման գործընթացին, որը լավ տեմպերով է ընթանում, «ցանկերը մաքրվում են»: Որոշ ստորաբաժանումներում հետաքրքիր խնդրի ենք բախվում, նշում է պարոն Զաքոյանը, գույք կա, որ տվյալ ստորաբաժանմանն անհրաժեշտ չէ, մինչդեռ այլ տեղերում դրա կարիքը կա. ոմանց հարկադրված ենք բացատրել, որ գույքը համալսարանինն է, ոչ թե ամբիոնինը կամ աշխատակցինը:
Պարոն Ուռուտյանն այս առումով արձանագրեց, որ համալսարանն այնքան ռեսուրսներ չունի նոր կահույք ձեռք բերելու համար. «Մենք ամեն կերպ դրամ ենք խնայում աշխատավարձերը բարձրացնելու նկատառումով»: