Աստվածաշնչյան պատմություններից ամենահիշվողներից է ջրհեղեղը, եւ ոչ միայն այն պատճառով, որ Նոյը ափ իջավ, հաստատվեց մեր բնօրրան-հայրենիքում, այլ նաեւ սահմռկեցնող իրողությամբ, թե մարդն անզոր է ջրային տարերքի դեմ:
Այդպես է նաեւ այսօր, 21-րդ հարյուրամյակում: Օրվա լրահոսում որքան հաճախ են պատահում սելավների, ջրհեղեղի, սողանքների մասին տեղեկությունները: Եւ մարդը շարունակում է անզոր-անպաշտպան մնալ, թեեւ համատեղ պայքարելու լուրջ փորձեր են անում աշխարհի առաջատար գիտնականները:
Օգոստոսի 21-26-ը Վրաստանի ԳԱԱ գյուղատնտեսական դեպարտամենտը եւ ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհուրդը (ECOSOC) միջազգային գիտաժողով էին հրավիրել՝ «Ջրհեղեղների կարգավորում նորարարական կառուցվածքներով» թեմայով, որին, ի թիվս այլ երկրների մասնագետների (Իտալիա, Ուկրաինա, Բելառուս, Թուրքիա, Ադրբեջան), հրավիրված էր եւ զեկուցումով հանդես է եկել նաեւ Ագրարային համալսարանի Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, գ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը:
Տեղատարափ անձրեւներ, ձնահոսքեր, սողանքներ եւ բնության ջրային այլ արհավիրքներ հաճախ անկանխատեսելի են: Սակայն աշխարհի տարբեր երկրներ նորարարական լուծում-միջոցներով փորձում են հնարավորության սահմաններում ապահովել բնակչության անվտանգությունը։
Խորհրդաժողովի ընթացքում հյուրերը այցելել են Ժինվալի հողային ամբարտակ, հակահեղեղային կառույցներ, Մլեթի գետի կիրճի հունի առաձգական սելավակարգավորող ամբարտակ, դիտարկել են նորարարական հակաձնահոսքի շինարարության օրինակներ, կատարվել են անօդաչու թռչող սարքերով չափագրումներ եւ արդյունքների վերլուծություն։
Պրոֆեսոր Եղիազարյանի զեկուցումը նվիրված էր թվային տեխնոլոգիաների կիրառմամբ՝ հեղեղների, մակերեսային հոսքի, սելավների կանխատեսման տեսական հաշվարկների կատարելագործմանը։ Գործընկերները բարձր են գնահատել հայ գիտնականի մասնակցությունն ու առաջարկները:
- 28/08/2023
- 2023