ՀԱԱՀ Գիտխորհրդի մարտի 12-ի նիստի օրակարգի հիմնական հարցը ՀԱԱՀ 2019 թ. գործունեության արդյունքների և առաջիկա ծրագրերի մասին զեկուցումն էր, որով հանդես եկավ նիստը վարող ռեկտոր Վարդան Ուռուտյանը։
Ռեկտորն անդրադարձավ տարվա ընթացքում համալսարանի ունեցած աննախադեպ ձեռքբերումներին, իրականացված բազմաթիվ ծրագրերի հիմնական արդյունքներին եւ ըստ գործունեության ուղղությունների 2020-ի հանձնարարականներին։
Ուսանողների թիվը, ճշգրտումներից ու հեռակա համակարգից հեռացումներից հետո նվազել է՝ կազմելով մոտ 7000։ Դասախոսական կազմի աշխատավարձերը բարձրացել են 25, ուսումնաօժանդակ աշխատակազմինը՝ 10-15 տոկոսով, իսկ ուսանողների անվանական կրթաթոշակները՝ 1,5 անգամ։ Ուրախալի է, որ ավելացել է սփյուռքահայ ուսանողների թիվը։
Պարոն Ուռուտյանը խոսեց կրթական ծրագրերի կառուցվածքային օպտիմալացման, էլեկտրոնային կառավարման ebuh համակարգի լիարժեք աշխատանքի, մասնագիտական կողմնորոշման շարունակական աշխատանքների մասին։
Ագրարային համալսարանը ավելի ու ավելի ակտիվորեն է կատարում շարունակական կրթության եւ վերապատրաստման ուղղությամբ իր առաքելությունը թե´ շահակիցների լայն հանրության եւ թե´ մեր իսկ դասախոսների ու ուսանողների համար։ ՀԱԱՀ-ում 2019թ․-ի ընթացքում 130 ֆերմերներ վերապատրաստվել են խելացի անասնաշենքերի ծրագրի, իսկ 40-ը՝ ջերմատնային տնտեսության գծով։ Արդիական ծրագրակազմերի եւ անգլերենի վերապատրաստման ծրագրերին մասնակցած ուսանողների եւ դասախոսների թիվը մի քանի հարյուր է։ ՀԱԱՀ-ի մասնագետների իրականացրած լոլիկի ցեցի դեմ պայքարի փորձնական ծրագիրը ցույց է տվել մինչեւ 98 տոկոս արդյունք՝ տալով համապետական այս խնդրի լուծման բանալին։
Համալսարանի գիտական գործունեության բնագավառում օպտիմալացման գործընթացը «թարգմանելով» թվերի, տեսնում ենք, որ դրա շնորհիվ մեր գիտնականների աշխատվարձը բարձրացել է 40 տոկոսով, ընդ որում գիտնականների միջին տարիքը նվազել է մինչեւ 52 տարեկանը։ Մոտ 56 մլն դրամ հատկացվել է թեմատիկ ֆինանսավորմանը՝ ապահովելով 43 տոկոսի աճ։ Աճել է երիտասարդ գիտնականների, ասպիրանտների թիվը։ Բարձրացել է համալսարանի գիտական ամսագրի որակը, աճել է ազդեցության գործակից ունեցող հանդեսներում մեր հեղինակների հոդվածների թիվը։
2019թ․-ին Ագրարային համալսարանում դասավանդել են 35 դասախոսներ արտերկրի գործընկեր համալսարաններից։
Թվարկելով մի շարք գիտահետազոտական ծրագրեր, որոնցում ընդգրկված են ՀԱԱՀ-ի գիտնականները, ռեկտոր Ուռուտյանն ասաց․ «Կարեւոր գիտական հետազոտություններ ենք կատարում, ունենք համաֆինանսավորման, գիտական արդյունքի առեւտրայնացման, գործընկերների ակտիվ ներգրավման լավ օրինակներ։ Համալսարանի 38 հետազոտողներ լրավճարներ են ստացել գիտական գործունեության շնորհիվ։ Բավականին ակտիվացել ենք միջազգային դրամաշնորհային նախագծերում ներգրավվելու հարցում»։
Համալսարանի ենթակառույցների ստեղծման եւ վերազինման գործընթացի ընդգրկումն աննախադեպ է։ Արդեն ավարտված քիմիայի լաբորատորիաներից եւ ավարտին մոտեցած խելացի ջերմատնից զատ, պատրաստ են արդեն Գնահատման եւ թեստավորման 4 լաբորատորիաները՝ տեղադրված եւ կարգաբերված 96 համակարգիչներով։ Ոսկեհատի գինեգործարանում շուտով կսկսվի համալսարանի գինու շշալցումը, ապրիլի սկզբին տեղի կունենա գինու շնորհանդեսը։ Ընթացքի մեջ են Ագրոտեխնոլոգիայի ինկուբատորի շինարարական աշխատանքները․ ի դեպ, ինկուբատորում կազմակերպված ստարափերի առաջին մրցույթի 4 հաղթողներից երկուսը առաջիկայում կմեկնեն ԱՄՆ եւ Իտալիա՝ մասնակցելու միջազգային մրցույթի։
Պարոն Ուռուտյանը տեղեկացրեց, որ մի քանի շաբաթ առաջ մեկնարկել է Ֆրութենիա մեգանախագիծը, որի հիմնական շահառուն Ագրարային համալսարանն է եւ որի հիմնական նպատակը ագրոմասնագիտությունների ադիականացումն է։ Հաստատված մեծածավալ նախագծերից է նաեւ ավելի քան 130 մլն դրամ արժողությամբ Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը, որը մեծապես կհզորացնի Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի կարողությունները:
2020թ,-ին սպասվող կարեւորագույն իրադարձությունների ու ծրագրերի թվում ռեկտոր Ուռուտյանն առանձնացրեց ՀԱԱՀ-ի ամենամյա գիտաժողովը, որն այս տարի նվիրված է լինելու համալսարանի 90-ամյա հոբելյանին․ ակնկալվում է 20-ից ավելի երկրների ներկայացուցիչների մասնակցություն։ Առաջիկայում մեկնարկող ծրագրերից են Ագրոճարտարագիտական լաբորատորիաների գերազանցության կենտրոնը, խելացի անասնաշենքի եւ կանաչ կերերի հիդրոպոնիկ արտադրության հիմնումը Բալահովիտի տնտեսությունում, սննդի անվտանգության լաբորատորիան Աբիոնետ նախագծի շրջանակում, օրգանական գյուղատնտեսության լաբորատորիայի հիմնումը սեպտեմբերին մեկնարկելիք Օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրի շրջանակում, 1,3 մլրդ դրամի ներդրմամբ Ապարանում գյուղատնտեսական քոլեջի կառուցումը, Բալահովիտում դուալ կրթության մոդելի գործարկումը՝ ուսանողական հյուրատնային համալիրով, Վանաձորի մասնաճյուղում Մայ Ֆորեստ Արմենիա կազմակերպության հետ անտառային տնկարանի հիմնումը, ուսանողների համար հաճելի միջավայր ստեղծող բաց տարածքների ավելացումը համալսարանում, 1892թ. որպես Աֆրիկյանների մառան կառուցված գինեդարանի վերափոխումը գինու տուրիզմի ուսումնագիտ կենտրոնի եւ թանգարանի եւ այլն։
Միջազգային գործակցության 13 նոր պայմանագրեր են կնքվել, իսկ Էրասմուս ծրագրի շրջանակում գործընկեր համալսարանների թիվն ավելացել է 22-ով։ Ավելացել են նաեւ արտերկիր մեր դասախոսների գործուղումները, սակայն դեռ կան թափուր տեղեր․ ուստի ռեկտորը հորդորեց ավելի ակտիվորեն շարունակել բարելավել լեզուների իմացությունը եւ մասնակցել միջազգային կրթական համատեղ ծրագրերին, մանավանդ որ տարբեր երկրներում բազմաթիվ հետաքրքրված գործընկերներ ունենք։
Վերջում պարոն Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց Ագրարայինի մեծ թիմին՝ կատարած լավ աշխատանքի համար եւ կոչ արեց գաղափարներ ներկայացնել, որոնք կօգնեն ավելի մեծ թափով վերազինել մեր համալսարանը որպես ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոն։
2019թ․ գործունեության արդյունքներն ու առաջիկա ծրագրերը հաստատելուց հետո գիտխորհուրդը հաստատեց նաեւ 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ՀԱԱՀ անվանական կրթաթոշակառուների ցուցակը, որի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը։ Հետաքրքրական է, որ համալսարանը վերանայել է անվանական կրթաթոշակների ցանկը, ընդ որում սահմանվել է երեք նոր անվանական կրթաթոշակ՝ Վ․ Թոթոմյանցի, պրոֆ․ Ա․ Քալանթարի եւ վաստակաշատ կոնյակագործ Մարգար Սեդրակյանի։
Պրոռեկտոր Մակարյանը նաեւ օրակարգի մյուս երկու հիմնական հարցերիի զեկուցողն էր․ փետրվարի 11-ին հայտարարված 2 ամբիոնի վարիչների մրցույթի անցկացման համար նա ներկայացրեց Համաճարակաբանության եւ մակաբուծաբանության ամբիոնի վարիչի, Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչի թեկնածուներին, ինչպես նաեւ պրոֆեսորի եւ դոցենտի կոչման մրցույթի համար առաջադրված թեկնածուներին։ Առաջադրված թեկնածուների ընտրությունը կատարվեց փակ գաղտնի քվեարկությամբ, ընդ որում Համաճարակաբանություն ամբիոնի դեպքում առաջադրված երկու թեկնածուներից ձայների գերակշիռ մեծամասնությունը Արթուր Մկրտչյանինն էր, իսկ Հասարակագիտության ամբիոնի վարիչ, ըստ էության՝ միաձայն (50-ից մեկ անվավեր քվեաթերթիկ), ընտրվեց Համո Սուքիասյանը։ Հարդյունս անցկացված մրցույթի, ձայների ճնշող մեծամասնությամբ Սուրիկ Կոբելյանը դարձավ պրոֆեսոր, մի շարք երիտասարդ դասախոսներ՝ դոցենտներ։
Գիտխորհուրդը նաեւ ընթացիկ հարցեր քննարկեց, ներառյալ՝ կորոնավիրուսի պատճառով երկրում ստեղծված արտակարգ իրավիճակում մեր հիմնական անելիքների վերաբերյալ։