Քոլեջի ուսանողին մասնագիտական աշխատանք են առաջարկել-3․ երբ ամեն մատից մի շնորհք է կաթում

Արամ Զեյթունյանը սակավախոս է, բայց լռությունն էլ խոսուն է՝ եթե ասելիք կա, ասելիք ունես: Իսկ մեր երիտասարդները ասել-խոսելուց ավելի շատ աշխատել են սիրում:

Արամը Երեւանից է: Թեեւ արմատները հասնում են մինչեւ Լիբանան՝ արեւելքի Փարիզ Բեյրութ, որը հայ արհեստագործության, կիրառական արվեստների, ստեղծագործելու առումով արհեստավարժության կարեւոր կենտրոններից է: Լիբանանահայոց մասին է ասված ժողովրդական խոսքը՝ ամեն մատից մի շնորհք է կաթում:

Արամը սովորում է Անտոն Քոչինյանի անվան քոլեջում, Գինու տեխնոլոգիա մասնագիտության ավարտական՝ չորրորդ կուրսում: Նա ոգեւորությամբ ու շնորհակալությամբ պատմում է, թե դուալ ուսուցումը ոլորտը լավ ուսումնասիրելու ինչ բացառիկ հնարավորություններ է տվել: Տիկին Բելլա Գրիգորյանի հետ ինչ լավ ուսումնասիրեցին Խաղողագործություն առարկան, որը գինեգործի աշխատանքի անկյունաքարն է: Տիկին Մարիամ Մովսիսյանը հաղորդակցման շատ կարեւոր հմտություններ է սերմանել: Ափսոսում է, որ հողագիտություն առարկան ավելի խորությամբ ուսումնասիրելու հնարավորություն չի ունեցել: Իսկ արտադրությունում փորձուսուցման օրերը արհեստավարժ դառնալու առումով դժվար է գերագնահատել: Արամը նույնպես՝ ինչպես իր ընկեր Արմանը, «Արմենիա վայն» ընկերությունից աշխատանքի առաջարկություն է ստացել:

Արամը նաեւ փայտից, կարծր եղջերառետինից (էբոնիտ) հարթակներ, վահանակներ է պատրաստում, որոնք իր ստեղծելիք գինիների դիզայնի մաս պետք է կազմեն եւ տարբերանշան դառնան:

Կես տարի հետո Արամ Զեյթունյանը կմեկնի բանակ՝ ծառայության: Խաղաղ երկինք մաղթենք մեր Հայրենիքին եւ զինվորներին անվտանգ ծառայություն, բարի վերադարձ: