Քննարկում մտավոր սեփականության ոլորտի փորձագետի հետ․ գյուտը հայտնի խնդրի նոր տեխնիկական լուծումն է

Ամեն նոր չէ, որ գյուտ է… Եւ որքան տարբեր են նորարարությունն ու գյուտը:

Ի՞նչը կարող ենք եւ պետք է գյուտ համարենք, ի՞նչ պարունակություն պետք է ունենա արտոնագրային փաթեթը, ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, թե առաջինն ենք եւ մեզ նախորդող նախադեպեր չկան աշխարհում, ո՞րն է հավաստագրման ճանապարհային քարտեզը, ինչպե՞ս է այն պաշտպանում գրագողությունից եւ ինչ է գյուտի իրավունքը… այս եւ բազում այլ՝ շատ կարեւոր հարցեր, մեր գործընկերները երեկ քննարկեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի գյուտերի եւ արդյունաբերական դիզայնների փորձաքննության բաժնի փորձագետ Վարդան Ավետյանի հետ:

Հյուրի հավաստմամբ, բուհերի, գիտական կենտրոնների շարքում հատկապես ագրարայինցիներն են (պրոֆեսոր Ամիրյան, դոցենտներ Արտեմյան, Ալթունյան եւ այլք) մեծաթիվ հայտեր ներկայացնում: Իսկ այս խոսուն վիճակագրությունը վկայում է, որ մեր միջավայրը որոնող-ստեղծագործող մտքի համար պարարտ-հարմարավետ պայմաններ է ապահովում-խթանում: Ճշմարիտ ճարտարագետի միտքը չի կարող ննջել:

Պարոն Ավետյանի համոզմամբ, հաճախ արտոնագրումը մերժվում է դիմումները ոչ ճիշտ լրացնելու պատճառով: Բանախոսը ներկայացրեց Արեւմուտքի եւ հետխորհրդային երկրների փորձը: Պատենտագիտությունը արտերկրում դասավանդվում է բուհերում: Ի դեպ, Հ․ Պետրոսյանի անվան հողագիտության, մելիորացիայի եւ ագրոքիմիայի գիտական կենտրոն մասնաճյուղի տնօրեն Գայանե Գասպարյանը նկատեց, որ տարիներ առաջ Արտոնագրման հիմունքներ անվամբ առարկա դասավանդվել է նաեւ մեր բուհի  մագիստրատուրայում: Ագրարայինում եղել է նաեւ արտոնագրման բաժին: Հիմա գուցե կարելի մտածել կամընտրական դասընթացի կամ դասախոսությունների շարքի մասին, որոնց կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված անձինք: Այս ամենը էապես կթեթեւացնի մեր գյուտարարների հոգսերը եւ նրանք արդյունավետ-ստեղծարար աշխատանքի համար ավելի շատ ժամանակ կունենան:

Ագրիթեք սրահում երեք՝ ավագ-միջին-երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ կային եւ… ոչ մի պատահական մարդ։

Հ.Գ. Էյնշտեյնն է ասել՝ հայտնագործողը բարձրաձայնում է այն, ինչ տեսնում են բոլորը: Գյուտարարն էլ ստեղծում է այն, ինչի մասին չի կարող երեւակայել ոչ ոք…