Փորձուսուցումս անցկացրել եմ Բավարիա մարզի մի ֆերմերային տնտեսությունում, որն ունի շուրջ 130 հա հողատարծք, 70 կաթնատու կով, 50 ցուլ եւ 100 հորթ։ Ծանոթացել եմ գերմանական գյուղատնտեսական բարձրակարգ տեխնիկայի աշխատանքներին եւ դրանց կիրառման ոլորտներին։ Իմ տնտեսությունը, անասնաբուծությունից բացի, զբաղվում է դաշտավարությամբ․ այստեղ մշակում են հացահատիկային տարբեր մշակաբույսեր՝ եգիպտացորեն, աշնանացան ցորեն, գարի, տրիտիկալե եւ տարեկան, հիմնականում՝ սիլոսացման նպատակով եւ որպես բարձր կալորիականություն ունեցող կերեր։
Կթի գործընթացն իրականացվում է կթի ռոբոտի միջոցով, որը բացառում է ձեռքի աշխատանքը։ Անասնաշենքը նախատեսված է ազատ պահվածքի համար։ Տնտեսությունն ունի նաեւ սեփական սպանդանոց, կաթի ու յոգուրտի գործարան, ինչպես նաեւ պանրի եւ երշիկի արտադրություն։ Արտադրանքը վաճառում են ինչպես սեփական խանութում, այնպես էլ իրականացնում են առաքումներ։
Փորձուսուցման այս վեց ամիսները ոչ միայն մասնագիտական, այլեւ կենսափորձ ձեռք բերելու համար շատ կարեւոր ժամանակահատված է եղել։ Ընդ որում, ընտանիքը, որտեղ անցկացրել եմ այս 6 ամիսները, ինձ վերաբերվել է որպես հարազատի, շրջապատված եմ եղել ամենաջերմ վերաբերմունքով։ Ապրելով գերմանական ընտանիքում, նախեւառաջ ծանոթացել եմ գերմանական մշակույթին եւ բարելավել եմ լեզվական հմտություններս։ Եւ այս ընթացքը լի է եղել դրական հիշողություններով ու հույզերով։
Նույն հույզերով եւ ակնկալիքներով եմ սկսում ուսումնառությունս Եվրոպայի լավագույն համալսարաններից մեկում, որի մագիստրատուրայի շրջանավարտներ են դարձել ՀԱԱՀ-ի տասնյակ ուսանողներ։
Գոհար Գրիգորյան
Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի մագիսստրանտ