ՏՏ շարունակական զարգացում, ՈՒՓՏ-ները կարող են ավելին անել, նոր ակնկալիքներ միջազգային շփումներից․ գիտխորհրդի նիստը

Մայիսի 16-ին կայացավ գիտխորհրդի հերթական նիստը, որը վարում էր ռեկտոր Հրաչյա Զաքոյանը։ Ուսումնական գործընթացում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման փորձի եւ դրանց բարելավման կարիքների վերաբերյալ օրակարգային առաջին հարցով զեկուցումով հանդես եկավ ՏՏ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանը։ Նա մասնավորապես խոսեց շուրջ 40 կահավորված մասնագիտական սենյակների ու լաբորատորիաների, պրոյեկտորներով, համակարգիչներով եւ խելացի գրատախտակներով հագեցած ավելի քան 20 լսարանների (այսուհանդերձ՝ վերջինների պակասը զգալի է), թեստային կենտրոնի, կրթության բարելավման UMS, Moodle, Koha, Mulberry եւ այլ գործիքների ու հարթակների աշխատանքի մասին։ Որպես կատարված աշխատանքների արդյունք՝ ստեղծվել է ուսանողների եւ աշխատակազմի միասնական տեղեկատվական շտեմարան, ուսումնական գործընթացն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով վարելու հնարավորություն, ընդ որում գործընթացն իրկանացվում է՝ ժամանակի եւ մարդկային ռեսուրսների մոտ 50 տոկոսով խնայողությամբ։ Ավելացել է էլեկտրոնային ուսուցման Moodle հարթակի օգտատերերի թվաքանակը (այս պահին՝ 7423)։ Գիտելիքների ստուգման թեստային համակարգը կայացած է եւ շարունակում է կատարելագործվել․․․ ՏՏ կենտրոնի առաջիկա անելիքները, ինչպես երեւաց պարոն Մելքոնյանի զեկուցումից, բավանդակում են միջազգային փորձի եւ արդիական այնպիսի տեխնոլոգիաների կիրառում, ինչպիսիք են տեսաօժանդակող կրթությունը, մեծ տվյալների օգտագործումը, արհեստական բանականությունը, ամպային տեխնոլոգիաները, ասինխրոն կրթությունը եւ այլն։ Ինչպես նշեց ՏՏ կենտրոնի տնօրենը, տեխնոլոգիաների զարգացումը անընդհատ գործընթաց է եւ պահանջում է նոր գիտելիքների մշտական համալրում․ կենտրոնը պլանավորել է եւ սեպտեմբերից կսկսի իրականացնել շուրջ 180 դասախոսների վերապտրաստում տեղեկատվական անվտանգության, ԱԲ, Moodle հարթակի օգտագործման, ընդհանուր տեղեկատվական գրագիտության թեմաներով։ «Բալահովիտ» եւ «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունների գործունեությունը, կապը մասնագիտական ամբիոնների հետ, առկա խնդիրները եւ բարելավման ուղիները վեր հանվեցին այս տնտեսությունների ղեկավարների՝ Վարդան Մելքոնյանի եւ Աբրահամ Ղուկասյանի զեկուցումների եւ դրանց շուրջ ծավալված քննարկումների ժամանակ։ Չնայած ավանդական կապերի շարունակականությանը, ակնհայտ է, որ մասնագիտական ամբիոնների եւ Բալահովիտի ՈՒՓՏ-ի միջեւ գործակցությունը բարելավման կարիք ունի։ Ավելին, ռեկտոր Զաքոյանը եւ Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Գայանե Գասպարյանն ընդգծեցին նաեւ գիտական ստորաբաժանումների հետ ՈՒՓՏ-ի ավելի սերտ աշխատանքի անհրաժեշտությունը։ «Ամբիոնների եւ գիտական կենտրոնների եւ ՈՒՓՏ-ի միջեւ մեկուսացվածության հաղթահարումը շատ օգուտներ կարող է բերել․ առաջիկայում այս կապը կդառնա առանձնակի ուշադրության առարկա եւ կծառայի որպես տնտեսությունների առողջացման հիմք եւ առհասարակ տնտեսությունում առկա խնդիրների լուծման բանալի», – ասաց պարոն Զաքոյանը։ Ոսկեհատ ՈՒՓՏ-ում ընթացքի մեջ են սեզոնային աշխատանքները։ Տնտեսության տնօրենի պաշտոնակատարը խնդիրներից առանձնացրեց բուժանյութերի ձեռքբերման գործընթացը, որը տուժում է գնումների՝ վերջին տարիների «հին ու բարի» ընթացակարգից։ Տնտեսության ղեկավարն ակնկալիքներ ունի, որ ոչ միայն ուսանողները, այլեւ համալսարանի գիտաշխատողներն իրենց փորձերը կանեն Ոսկեհատի ինտենսիվ այգիներում, գինեգործարանում, իսկ ուսանողների փորձուսուցումները պետք է համապատասխանեցնել սեզոնային աշխատանքներին։ Ըստ պարոն Ղուկասյանի, տնտեսությունը բավարար պայմաններ ունի նաեւ սերմարտադրությամբ զբաղվելու համար։ Որպես համալսարան – ՈՒՓՏ-ներ գործակցությանը նպաստող պայմաներից մեկը, ռեկտոր Զաքոյանն առաջարկեց մշակել համալսարանի աշխատակիցների եւ ՈՒՓՏ-ների գործակցության հաշվետվության հատուկ ձեւաչափ, տնտեսություններում առկա ենթակառույցներն ինտեգրել ուսումնական պլաններին եւ հնարավորություն ստեղծել, որ նաեւ ուսանողն իր հերթին օգտակար լինի այդ ենթակառույցներին։ ՀԱԱՀ միջազգային համագործակցության վիճակի եւ խնդիրների մասին հարցով զեկուցեց միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների հարցերով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը։ Զեկուցման մեջ մասնավորապես տեղ էին գտել «Հայաստանում աշխատուժի զարգացման» նախագծի շրջանակում գրանցված բավականին տպավորիչ արդյունքները (ուսուցողական լաբորատորիաներ, դուալ կրթական ծրագրի կայացումը քոլեջում, կարիերայի կենտրոնների հաստատութենական կարողությունների զարգացում եւ այլն)։ Իսկ SOAA (Հայաստանում օրգանական գյուղատնտեսության հզորացում) միջազգային նախագիծը, որը մեր համալսարանն է համադրում, թույլ է տվել շարունակել Ավստրիայի Բոկու համալսարանի հետ գործակցությունը, Ակունքի օրգանական տնտեսությունը դարձնել ուսանողական տնտեսություն, որտեղ նրանք զվաղվում են բուն օրգանական արտադրությամբ, վարպետաց դասեր են անցկացվում եւ այլն։ Տիկին Մովսիսյանը ներկայացրեց նաեւ կրկնակի դիպլոմի ծրագրի նոր հնարավորության մասին, որ, անշուշտ, որոշակի դժվարությունների հետ է կապված։ Հայտնի է, որ մեր համալսարանը միջազգային կրթական շփումների առումով առաջատար դիրքերում է։ Սակայն, պարոն Զաքոյանի համոզմամբ, յուրաքանչյուր միջազգային շփում պետք է նպաստի բուհի առաջընթացին ոչ միայն կրթական, այլեւ գիտական առումով։ Կրթության որակի ապահովման եւ վերահսկման ընթացքի վերաբերյալ հերթական զեկուցումով էլ հանդես եկավ ՈԳԱ կենտրոնի տնօրեն Աննա Դաշտոյանը՝ ներկայացնելով կրթական ծրագրերի ներքին աուդիտի արդյունքները եւ մատնանշելով ի հայտ եկած խնդիրները։ Դասավանդման գնահատման ոչ սահուն գործընթացի վերլուծության շրջանակում ՈԳԱ կենտրոնի տնօրենը որպես լավագույն փորձ բերեց Անասնաբուժական փորձաքննություն եւ Պարենամթերքի տեխնոլոգիաներ կրթական ծրագրերի օրինակները։ Որպես դրական ցուցանիշ տիկին Դաշտոյանը նշեց միջազգային փորձի տեղայնացման  (հենանիշավորման) աշխատանքների ծավալների նվազումը․ սա նշանակում է, որ բավականաչափ տեղայնացված փորձ արդեն ունենք։ Կենտրոնը նաեւ հետազոտել է ուսանողների շուրջ 3500 ինքնուրույն աշխատանք․ այս առումով կա թեմաների արդիականացման, ավելի հետազոտահենք դարձնելու կարիք։ Լսարանային պայմանների, դասավանդողների գնահատման գործում որոշ ուսանողների անլուրջ վերաբերմունքի վերաբերյալ իր մտահոգություններն արտահայտեց Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողուհի Մարիա Կրտիկաշյանը։ Ուսանողուհու բավականին հուզական խոսքը խորքային անդրադարձ ունեցավ գիտխորհրդում։ Մասնավորապես ռեկտոր Զաքոյանը շնորհակալություն հայտնեց Մարիային նկատառումների համար․ մասնագետ դառնալու ձգտում ունեցող ուսանողը չպետք է տուժի լսարանային պայմաններից, գործնական կրթության համար անհրաժեշտ նյութերի պակասից, դասախոսի ոչ բավարար պատրաստվածությունից (կամ պատրաստակամությունից), ուսմանը կամ դասախոսների գնահատմանը լուրջ չմոտեցող ուսանողների պահվածքից։ Նիստի ավարտին ռեկտորը տեղեկցրեց, որ համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ գիտխորհրդի անդամների թիվը կրճատվել է՝ 84-ից դառնալով 64, իսկ նիստն ավարտեց լավ լուրով այն մասին, որ օրեր անց շահագործման կհանձնվի համալսարանի 100 կվ հզորությամբ արեւային կայանը՝ էականորեն կրճատելով էներգածախսերը։