Հուլիսի 17 – 21-ը Հայաստանում կլինի Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի դասախոսների խումբը՝ ելույթ ունենալու եւ դասախոսություններ վարելու հուլիսի 17-ին կայանալիք «Գինու բիզնես» խորագրով համաժողովում եւ դրան հաջորդող ամառային դպրոցում:
Համաժողովը կազմակերպվում է Գայզենհայմի համալսարանի նախաձեռնությամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համագործակցության շրջանակում:
Համաժողովը կկայանա հուլիսի 17-ին, Բեսթ Վեսթերն Կոնգրես Երեւան հյուրանոցում, իսկ հաջորդող ամառային դպրոցը՝ Ագրարային համալսարանի Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի լսարանում:
Համաժողովի եւ ամառային դպրոցի ժամանակ կքննարկվեն գինեգործության եւ գինու բիզնեսի համար կարեւոր թեմաներ, օրինակ՝ գինու զբոսաշրջությունը՝ որպես շուկայավարման գործիք, կլիմայի փոփոխության ազդեցությունը ոլորտի վրա, ռազմավարական կառավարում, ձեռներեցություն եւ այլն:
Ամառային դպրոցի օրակարգին կարելի է ծանոթանալ այստեղ։
Համաժողովին կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր:
Համաժողովին եւ ամառային դպրոցին կմասնակցեն գինեգործության եւ գինու զբոսաշրջության ոլորտի շահակիցներ եւ ուսանողներ:
Համաժողովի ընթացքում կլինի անգլերեն-հայերեն–անգլերեն համաժամանակյա թարգմանություն, իսկ ամառային դպրոցի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Մասնակիցների ընտրությունը կկատարեն Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը:
Ամառային դպրոցին մասնակցելու ցանկություն ունեցող թեկնածուները կենսագրական տվյալները (CV) եւ ուղեկցող նամակը մինչեւ 09.07.2023 թ․ կարող են ուղարկել՝ լրացնելով այս ձեւաթուղթը։