Տեխնոլոգիական ֆակուլտետի գիտխորհուրդ. բակալավրիատի ՄԿ ծրագրերը այլեւս լիովին ավարտուն տեսք ունեն

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, տեխնոլոգիականի գիտխորհրդի նիստում հաստատվեց մասնագիտական կրթական ծրագրի բակալավրի աստիճանի ամբողջական փաթեթը: Այս ֆակուլտետն ի սկզբանե առաջնեկն է եղել ծրագրերի բարենորոգումների բոլոր փուլերի, ձեռնարկների: Նրանք նվիրումով ու բարձր գիտակցությամբ լծվել են շատ կարեւոր ու անհետաձգելի գործի: Արդյունքը շոշափելի է, տեսանելի, անկորնչելի: Եւ դեկանը բարձր գնահատեց բոլոր գործընկերների իսկապես թիմային աշխատանքը, որը տարիների ջանք է պահանջել՝ նոր մտահղացումներ, արտերկրի բուհերի փորձի ուշադիր ուսումնասիրություն-հենանշավորում, այդ ամենի բծախնդիր եւ խելամիտ վերլուծություն, ապա՝ տեղայնացում: Հիմա արդեն թիմը աշխատում է մագիստրոսական ՄԿԾ-երի ուղղությամբ: Ամբիոնները նախնական տարբերակը քննարկել են եւ փոփոխություններ են առաջարկել:
Դոցենտ Աննա Դաշտոյանը ներկայացրեց 2023-ի կատարողականը՝ 30 էջանոց մի փաստաթուղթ, որը բովանդակում է կրթական ծրագրեր, գիտության կառավարում, ենթակառուցվածքներ, ՄՌ, գնահատման առանցքային ցուցանիշներ (ԳԱՑ) եւ այլ կարեւոր ոլորտներ, որոնք բնութագրում են ֆակուլտետի մեկ տարվա աշխատանքը: Ընդսմին նշվեց, որ հաշվետվողականությունը հատկապես կոկիկ են վարում Մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ կիրառական մեխանիկայի ամբիոնում: Երեւի բնական է՝ չէ որ ճշգրիտ են կոչվում այս գիտությունները:
Օրակարգում նաեւ ավարտաճառերի թեմաների, աշխատանքային կիսամյակի մասին ամբիոնների վարիչների հաշվետվություններն էին, ուսանողների հաճախումներն ու ընթացիկ հարցեր: