Քոլեջի ՀՀ-2-րդ կուրսեցիների «Կառավարման հմտություններ» առարկայի (դասախոս՝ դոցենտ Շահբազյան), ամփոփիչ դասը երեկ՝ մայիսի 7-ին վարում էր ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Արման Հարությունյանը: Հենց սկզբից բանախոսը բանաձեւեց՝ կառավարման հիմքում ինքնակառավարումն է, ինքնակառավարման հիմքում՝ ինքնաճանաչումը: Ուրեմն երիտասարդները պետք է սկսեն հենց ինքնաճանաչումից:
Թերեւս դասական իմաստով բանախոսություն չէր, այլ չափազանց ինտերակտիվ, վարժանքներով հագեցած՝ շատ բուռն, հետաքրքրված (այդ ամենի պատճառով երբեմն՝ աղմկոտ), խանդավառ, համատեղ աշխատանք, որից դուրս չմնացին նաեւ ավագ սերնդի ներկայացուցիչները:
Ինքնաբացահայտման քայլերը, թեստերը հաջորդում էին եւ յուրաքանչյուրը փորձում էր իրեն տեսնել-գտնել այդ բերվող բնութագրերի, նկարագրությունների տիրույթում: Գույնի, երկրաչափական պատկերի ընտրությունը երբեմն վեր է լինում ենթագիտակցություն-գիտակցություն դաշտերից եւ գործին միջամտում է նորին գերազանցություն կենտրոնական նյարդային համակարգը․․․
Այն բոլոր մեթոդները, որ փափուկ հմտությունների սրահում (տեղը շատ ճշգրիտ է ընտրված) գործադրեց պարոն Հարությունյանը, կիրառելի աշխատանքային գոծիքներ էին մեր սաների համար: Եւ անշուշտ անփոխարինելի-պիտանի:
Բանախոսն ու մասնակիցները փոխադարձաբար գոհ եւ շնորհակալ էին, ավելին՝ համոզված, որ նման վարժանքները ցանկալի է, որ շարունակական լինեն:
Վերապատրաստումներն իրականացվում են «ՓԱՓՈՒԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐԻ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՈՒՄ. V4 ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ» նախագծի շրջանակում, հայաստանյան համակարգողը ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանն է, իսկ ՀԱԱՀ երեք փորձագետ-դասախոսների վերապատրաստումն իրականացրել է նախագծի գլխավոր փորձագետ, Հայոց եւ օտար լեզուների ամբիոնի դասախոս Լիանա Վարդանյանը։
Նախագիծը համաֆինանսավորում են Չեխիայի Հանրապետության, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարությունները՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի Վիշեգրադ դրամաշնորհների միջոցով։ Հիմնադրամի առաքելությունն է խթանել կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարները Կենտրոնական Եւրոպայում։