Վերապատրաստում Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ս.թ. հուլիսի 3-7–ն ընկած ժամանակահատվածում ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ Արուսյակ Ղարիբյանը եւ Ագրոբիզնեսի դեպարտապենտի պետի տեղակալ Սուսաննա Մեժլումյանը վերապատրաստման նպատակով գտնվում էին Հունաստանի Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում:
Այցի շրջանակում հյուրընկալող համալսարանում կազմակերպվեցին մի շարք հանդիպումներ: ՀԱԱՀ աշխատակիցները հանդիպեցին Պանթեոնի համալսարանի Միջազգային կապերի եւ համագործակցության հարցերով պրոռեկտոր Մարիանա Պսիլայի, Միջազգային կապերի եւ Եւրոպական Միության հարցերով ստորաբաժանման աշխատակից Էլենի Վասիլեուի հետ: Վերջինը ներկայացրեց Պանթեոն համալսարանի միջազգային համագործակցության ծրագրերը, ինչպես նաեւ կազմակերպեց շրջայց՝ ներկայացնելով համալսարանի տարբեր ստորաբաժանումները, պատմությունն ու տեսլականը:
Վերապատրաստման շրջանակում ՀԱԱՀ աշխատակիցները հանդիպեցին Մարկոս Կոնստանտակիսի հետ, որը ներկայացրեց Պանթեոնի համալսարանի որակի ապահովման աշխատանքների առանձնահատկությունները, ռազմավարական ծրագրերը, փոխանցեց որակի ապահովման վերաբերյալ նյութեր: Տեղի ունեցան հանդիպումներ նաեւ Կարիերայի եւ շարունակական կրթության բաժնի աշխատակիցների հետ:
Քանի որ այցելության ընթացքը համընկել էր քննաշրջանի հետ, ՀԱԱՀ աշխատակիցները հնարավորություն ունեցան ականատես լինելու, թե ինչպես է կազմակերպվում եւ ամփոփվում քննական գործընթացը:
Այցելության ընթացքում տեղի ունեցան հանդիպումներ նաեւ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, մասնավորապես՝ Ստավրոս Կապերոնիսի հետ, որը ներկայացնում էր Հաղորդակցության, մեդիայի եւ մշակույթի ֆակուլտետը: Նա ծանոթացրեց վերոնշյալ ստորաբաժանման մասնագիտական կրթական ծրագրերին, դասավանդման մեթոդներին, փոխանցեց օգտակար ռեսուրսներ:
Հարկ է նշել, որ Պանթեոնի համալսարանում անցկացրած աշխատանքային շաբաթն արդյունավետ էր, քանի որ գործընկերները դրսեւորեցին ջերմ պատրաստակամություն նաեւ հետագա համագործակցության համար: ՀԱԱՀ աշխատակիցներն էլ իրենց հերթին ընդգծեցին միջազգային համագործակցության կարեւորությունը, ինչպես նաեւ ներկայացրին ՀԱԱՀ-ում վերջին տարիներին տեղի ունեցած բարեփոխումները, կրթական արդիականացված ծրագրերը:
Այցը հագեցած էր նաեւ մշակութային բաղադրիչով, որը հնարավորություն ընձեռեց նորովի բացահայտել եւ արժեւորել եվրոպական մշակութային ժառանգությունը: