Վերապատրաստում Իսպանիայում եւ Բելգիայում Erasmus+ ծրագրի շրջանակում

ERASMUS+ ծրագրի շրջանակում «Հայաստանում եւ Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում եւ հետազոտական ցանցերի ամրապնդում (GeoTAK)» 2022 թ․ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 12-ը Վալենսիայի պոլիտեխնիկական (UPV) եւ Բրյուսելի Վռիջի (VUB) համալսարաններում վերապատրաստման դասընթացներին մասնակցել են ՀԱԱՀ-ից Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը, դոցենտ Նաիրա Ալոյանը, ասպիրանտ Արմինե Համբարձումյանը եւ Ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնի համակարգող, դրոնների լաբորատորիայի պատասխանատու Սերգեյ Կարապետյանը։

Նախագծի հիմնական նպատակն է՝ աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) ոլորտում հետբուհական բարձրագույն կրթության ծրագրերի մշակումը եւ Հայաստանի եւ Ղրղզստանի բուհերի, արդյունաբերության եւ վարչարարական համակարգերի միջև հետազոտական եւ նորարարական կապերի ամրապնդումը։ Հայաստանյան գործընկերների ընդհանուր համակարգողը Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանն է։

Վերապատրաստման ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին Աշխարհատեղեկատվական համակարգերի ոլորտի նորագույն ծրագրերն ու կիրառվող մեթոդաբանությունը։ Նաեւ այցելեցին Եվրոպական քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության գործառնությունների գլխավոր տնօրինություն։

Դասընթացը GeoTAK ծրագրի շրջանակում իրականացվող հերթական վերապատրաստումն էր, որին նախորդել էին 2022 թ. գարնանը Ղրղզստանում, Սլովենիայում, այնուհետև աշնանը Հայաստանում (Ագրարային համալսարանում) տեղի ունեցած վերապատրաստումները:

GeoTAK ծրագրով 2023թ.-ին եւս նախատեսված են հանդիպումներ Հայաստանում, Ղրղզստանում եւ Շվեդիայում։