Վարժարանի ուսուցչուհին շնորհակալագիր է ստանում գիտության փառատոնում հաջողության հասնելու համար

Սեպտեմբերի 19-ին ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը շնորհակալագիր հանձնեց ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի քիմիայի ուսուցիչ Զառա Մանասերյանին՝ Հայկական համադպրոցական գիտության փառատոնում վարժարանի սաների մասնակցությունն ապահովելու եւ «Քիմիա» անվանակարգում երկրորդ կարգի մրցանակի արժանանալու համար։

Պարոն Զաքոյանը շնորհակալություն հայտնեց տիկին Մանասերյանին՝ վարժարանի աշակերտներին ոչ միայն ուսումնական գործընթացի, այլեւ մասնագիտական կողմնորոշման, հետագա կարիերայի կառուցման առումով օգտակար աշխատանքների մեջ հետեւողականորեն եւ ակտիվորեն ներգրավելու համար։ Տիկին Մանասերյանի ղեկավարությամբ 12-րդ դասարանի աշակերտներ Լիանա Սարգսյանի եւ Լեւոն Գասպարյանի ստեղծած բնական օճառները արժանացել են մասնագետների եւ առայժմ ոչ մեծ թվով սպառողների հավանությանը։

«Չեք պատկերացնում, թե ինչպիսի ոգեւորություն են ապրում երեխաները, երբ իրենց հաջողված աշխատանքի վերջնարդյունքն են տեսնում», – ասում է մասնագիտական ու մանկավարժական հաջողության հասած եւ մեծ հեղինակություն վայելող Զառա Մանասերյանը։