ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի 50 շրջանավարտ համալրեց աշխատաշուկան. 2021-2022 ուստարվա ավարտական կուրսի արդեն նախկին ուսանողները օրերս դարձան իրենց ավարտական կարեւոր փաստաթղթի՝ դիպլոմի լիիրավ տնօրինողը: Այս մասին հաղորդում է մասնաճյուղի մեթոդիստ Աննա Խառատյանը:
Մեր երկրի համար այս չափազանց բարդ ու մարտահրավերային իրավիճակում առավել կարեւորվում է որակյալ ու պահանջված մասնագետ ունենալու խնդիրը: Մեր շրջանավարտների համար որդեգրած սկզբունք է՝ լինել նպատակային, լինել առաջատար՝ իր գիտելիքը ծառայեցնելով հայրենիքի վաղվա օրվա տեսլականի կայացմանը:
«Պարենամթերքի փորձաքննություն» մասնագիտության շրջանավարտ Հեղինե Ավետիսյանը բուհն ավարտում է գերազանցության դիպլոմով: Իր երախտիքի խոսքում բարձր գնահատելով բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներդրումը իրենց՝ որպես մասնագետների կայացման գործում՝ նա ընդգծեց. «Ինչպես մեր զինվորն է սահմանին պայքարում մեր ազատ երկրի ու խաղաղ երկնքի համար, այնպես էլ մենք պիտի մեր ստացած գիտելիքով, մեր հետագա աշխատանքով այդ պայքարը շարունակենք՝ հանուն վաղվա ապահով Հայաստանի»:
Շնորհավորական խոսքով հանդես եկան մասնաճյուղի տնօրենի պարտականությունները կատարող Աշոտ Շերմազանյանը, Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Վարդան Սիմոնյանը՝ շրջանավարտներին մաղթելով բարի ճանապարհ կյանքի հաջորդ փուլի համար:
Մասնաճյուղի մեթոդիստ Աննա Խառատյանը շնորհավորանքի իր ուղերձում խոնարհումի խոսք հնչեցրեց արցախյան գոյամարտում զոհված մեր հայորդիների հիշատակին՝ կոչ անելով արարել ու աշխատել նաեւ նրանց փոխարեն: