Քանի որ աշխատաշուկան շատ քմահաճ ու պահանջկոտ է, սիրելի՛ երիտասարդներ, արժե պարբերաբար զարգացնել ու բարելավել հմտությունները՝ մասնագիտական ճիշտ ուղի կառուցելու համար:
ՀԱԱՀ–ի Վանաձորի մասնաճյուղում ԱՄՆ ՄԶԳ-ի՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» աջակցությամբ ստեղծված սննդի վերամշակման լաբորատորիաները, որոնք ունեն երեք ուղղվածություն` պահածոներ եւ սննդախտանյութեր, մսամթերքի վերամշակում եւ կաթնամթերքի վերամշակում, արդեն ծառայում են իրենց նպատակին (լաբորատորիաները բացվել են մարտի 6-ին):
Տարբեր ոլորտներ (կրթություն, բիզնես, ՀԿ, գյուղարտադրություն եւ վերամշակում) ներկայացնող լոռեցի շատ երիտասարդներ, որոնք մասնակցեցին «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» կազմակերպած «Ավանդական պանիրների պատրաստման գաղտնիքները» անվճար դասընթացին, ձեռք բերած մասնագիտական արժեքավոր գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն ստացան: Կաթնամթերքի վերամշակման լաբորատորիայում մասնաճյուղի բանիմաց եւ հմուտ մասնագետի՝ պարենամթերքի տեխնոլոգ, լաբորանտ Գայանե Հակոբյանի օգնությամբ մասնակիցները ստացան իրենց առաջին արտադրանքը՝ պանիրը՝ սպառողի քիմքին հաճելի լինելու ակնկալիքով: Իրականում սա գործնական հմտությունների զարգացման լայն դաշտ է թե՛ սովորող երիտասարդ մասնագետների, թե՛ արդեն աշխատող մասնագետների համար:
Օգտվե՛ք ձեր հնարավորությունից, սիրելի երիտասարդներ, այն շարունակական է լինելու:
Աննա ԽԱՌԱՏՅԱՆ
ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղ