Երեկ՝ հունիսի 20-ին, համագործակցության հուշագիր ստորագրեցին ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նանա Սկաուն։
Համաձայնագրով նախատեսված է իրականացնել մի շարք համատեղ նախագծեր ու ծրագրեր, որոնք միտված են Հայաստանի բնակչության բարեկեցությանը, խելացի գյուղատնտեսութան մշակույթի արմատավորմանը, համայնքներում բնապահպանական խնդիրների լուծմանը, կլիմայափոխության հետեւանքների մեղմանն ու դրանց հարմարվողականությանը, ոլորտի հարակայուն զարգացմանը։
Ողջունելով գործընկերներին, պարոն Զաքոյանը տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ մենք արդեն իրականացրել ենք մի շարք նախագծեր, մասնավորապես՝ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի խելացի գյուղատնտեսության կենտրոնոմ։ «Այս հուշագրի ստորագրումը նշանավորում է համագործակցության նպատակային նոր ոլորտներ։ Շնորհակալություն ՊՀԾ-ին, որ կարեւոր համարելով առհասարակ ոլորտը եւ դրա թողած ազդեցությունը երկրի, հատկապես հեռավոր մարզերի համայնքների զարգացման վրա՝ եղել եւ մնում է Ագրարային համալսարանի կողքին։ Այսօրվա մեր հանդիպումը վկայում է միմյանց համար հուսալի գործընկեր լինելու, փոխվստահության, միասին խնդիրները լուծելու մեր հաստատակամության մասին», – ասաց պարոն Զաքոյանը։
ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրեն Նանա Սկաուն գոհունակություն արտահայտեց Ագրարային համալսարանի հետ արդեն տարինեի արդյունավետ համագործակցության առթիվ եւ նշեց, որ նպատակը եղել է, մասնավորապես, հայաստանցի ուսանողների եւ երեխաների համար գյուղատնտեսական մասնագիտությունները գրավիչ դարձնելու համատեղ տեսլականը։ «Այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են կլիմայափոխությունը, պարենային անապահովությունը՝ շարունակում են մնալ մարտահրավերներ, եւ մեր համատեղ ջանքերի նպատակն է Հայաստանի երիտասարդությանը մասնակից դարձնել այդ մարտահրավերների հաղթահարմանը։ Որքան էլ երիտասարդության շրջանում մեծ ժողովրդականություն են վայելում ՏՏ տեխնոլոգիաները, դրանք ինքնանպատակ չեն․ տեխնոլոգիաները հնարավոր չէ ուտել, դրանք պետք է կարողանալ օգտագործել գյուղոլորտի բազմաթիվ խնդիրներ լուծելու, օրինակ՝ եղանակային պայմանները փոփոխություններն ու հնարավոր վնասատուները կանխատեսելու համար։ Ագրարային համալսարանի հետ գործակցային հուշագրի ստորագրումը դիտարկում եմ ոչ թե որպես պարենային ապահովության ոլորտում մեր համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքների ամփոփում, այլ համագործակցության մի նոր սկիզբ», – ասաց տիկին Սկաուն։
ՊՀԾ-ն եւ Ագրարային համալսարանը համատեղ արդյունավետ ծրագրեր իրականացնելու լավ փորձ ունեն, մասնավորապես, Սյունիքի մարզում․ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում ՊՀԾ-ի աջակցությամբ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում հաջողությամբ իրականացվել են կրթության որակի բարձրացման եւ կիրառական հետազոտությունների իրականացման, ինչպես նաեւ՝ մարզի գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտում նորարարական գործելակերպերի ներդրման, փոքր ֆերմերային տնտեսություններին գիտասփյուռ-խորհրդատվական ծառայություններ մատուցելու ծրագրեր։