«Սովորեք-նորարարեք-վաճառեք-հաջողեք» նախագծի ՀԱԱՀ թիմի մասնակցությամբ հերթական հանդիպումը Ավստրիայում էր

«Սովորեք-նորարարեք-վաճառեք-հաջողեք» (LISS24) նախագծի շրջանակում հերթական հանդիպումը կայացել է փետրվարի 10-ից 15-ը, Ավստրիայի Վիեներ Նոյշտադտի կիրառական գիտությունների համալսարանում։ Հանդիպմանը մասնակցել է LISS24-ի ՀԱԱՀ թիմը՝ Գյուղատնտեսության մեքենայացման եւ ավտոմատացման ԳՀԻ-ի բաժնի վարիչ, LISS24 նախագծի ՀԱԱՀ ղեկավար Արթուր Ալթունյանը, Ագրոբիզնեսի կառավարման եւ  քաղաքականության ամբիոնի դասախոս, LISS24-ի հետազոտող Հասմիկ Գեւորգյանը եւ Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ կիրառական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր, LISS24  ծրագրի հետազոտող պրոֆեսոր Արա Ամիրյանը։

Նախագծի միջազգային համակարգող Արտո Կուուլուվայնենի բացման խոսքից հետո հակիրճ ներկայացվել է ծրագրի կատարած աշխատանքները, այնուհետեւ  «LISS24» Կառավարման խմբի շրջանակում յուրաքանչյուր աշխատանքային խումբ զեկուցել է կատարված աշխատանքների եւ պլանավորվող առաջիկա ծրագրերի վերաբերյալ։ Արթուր Ալթունյանը ներկայացրել է WP3 շրջանակում կատարված աշխատանքները, հայկական եւ վրացական կողմի գործընկեր համալսարաններում «B2B SALES LAB»-երի համար անհրաժեշտ սարքերի գնման գործընթացի վիճակը եւ առաջիկա անելիքները։

Նախագծի շրջանակում 3-րդ այցի առանցքային նպատակն էր նաեւ Վիեներ Նոյշտադտի կիրառական գիտությունների համալսարանի «B2B Sales» ուսումնահետազոտական լաբորատորիաների հետ ծանոթացումը եւ մասնակցությունը վաճառքի ոլորտում կիրառվող նորարարական լուծումների յուրացմանն ուղղված վարժանքներին։ Ավստրիացի գործընկերները սիրով իրականացրեցին վարժանքներ՝ վաճառքի դասընթացների նախագծման եւ գիտական ​​լաբորատորիայի կառուցման նպատակով:

Արդեն  վաճառքի լաբորատորիայում ՀԱԱՀ եւ նախագծի մասնակից մյուս թիմերի անդամները հնարավորություն ունեցան մասնակցել վարժանքներին եւ անմիջական մասնակցությամբ փորձարկել աչքի շարժման հետագծման սարքերի եւ հավելվածների աշխատանքը: Քննարկվեցին համալսարաններում պլանավորվող փոքր Sales Lab-երի բացման հարցերը՝ կառուցվածքի եւ հագեցվածության առումով։

Հաջորդիվ պլանավորված է հայաստանյան երեք բուհերում իրականացնել «B2B վաճառք եւ նորարարություն» անվճար դասընթացները։

Նախագծի հաջորդ հանդիպումը նախատեսված է հունիս ամսին՝ Երեւանում, որտեղ կանցկացվեն հերթական վարժանքները, քննարկումները եւ աշխատանքային հանդիպումներն՝ ուղղված «LISS24» ծրագրի նպատակների արդյունավետ իրագործմանը:

Դասընթացների շրջանակից դուրս պրոֆեսոր Ամիրյանը եւ դոցենտ Ալթունյանը հանդիպել են Վիեներ Նոյշտադտի կիրառական գիտությունների համալսարանի Արդյունաբերական ճարտարագիտության եւ կառավարման ինստիտուտի ռոբոտատեխնիկայի ծրագրի ղեկավար դոկտոր Ալեքսանդր Նեմեչեկի հետ։ Վերջինը սիրով եւ հանգամանորեն ծանոթացրել է «Ռոբոտատեխնիկայի» մասնագիտության ՄԿԾ-ին, դասընթացին եւ հետազոտական լաբորատորիաներին, ցուցադրել որոշ ռոբոտների եւ հաստոցների, ստենդների աշխատանքը, բացատրել ուսանողների կատարած ընթացիկ, ավարտական աշխատանքների եւ փորձուսուցման կազմակերպման մեթոդները, հաղորդակից դարձրել ուսանողների շրջանում արհեստական բանականության ոլորտի նկատմամբ հետաքրքրության զարգացման իրենց փորձին։

Դոկտոր Նեմեչիկի հետ քննարկվել են նաեւ հետագայում Erasmus+ ծրագրերի շրջանակներում Վիեներ Նոյշտադտի կիրառական գիտությունների եւ Հայաստանի ազգային ագրարային համալսանների միջեւ դասախոների եւ ուսանողների հնարավոր փոխայցերի իրականացման հնարավորությունները։

Գործընկերները երկուստեք գոհունակություն են արտահայտել առհասարակ LISS24 նախագծի շրջանակում գործակցության ընթացիկ փուլից եւ մասնավորապես նախագծում ընդգրկված եւրոպական, հայաստանյան եւ վրաստանյան համալսարանների միջեւ միջգիտակարգային երկխոսության մակարդակից։