Սեփական նախաձեռնությամբ. Ուսանողները տրամաբանական կապ էին որոնում…

Այսօր՝ մայիսի 20-ին, ուսանողները նոր ձեւաչափով խաղ էին կազմակերպել՝ «Որտե՞ղ է տրամաբանությունը»: Եւ, քանի որ խաղը նոր էր, անսովոր, բնականաբար՝ սկիզբն էլ աղմկոտ-հախուռն եղավ: Երիտասարդները ոգեւորված էին:

Միակ դեկանը, որ եկել էր «երեխաների նախաձեռնությամբ ուրախանալու», պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարող Սմբատ Դավեյանն էր: Խաղի մեկնարկին նա հաջողություն մաղթեց մասնակիցներին. «Շնորհավորում եմ: Ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի հերթական կարեւոր նախաձեռնությունն է: 21-րդ դարում գլխավոր զենքը գիտելիքն է լինելու: Իսկ մեր ուսանողները մտավոր հզոր ներուժ ունեն: Բոլորիդ կողքին եմ»: Դեկանը համոզմունք հայտնեց, որ առաջիկա՝ «Ուսանողական գիտական շաբաթը» նոր, հրաշալի մտահղացումների, նախագծերի, գյուտարարության տոնի կվերածվի:

Պարոն Դավեյանը իսկապես բոլորի կողքին էր եւ մրցավարական անաչառության լավ օրինակ եղավ:

Այս խաղի անմիջական կազմակերպիչն ու վարողը տեխնոլոգիական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Վահե Ղարիբյանն էր: Մասնակցում էին բոլոր ֆակուլտետների ուսանողները, վարժարանի եւ քոլեջի սաները: Արագ, ինքնատիպ ու սուր մտածելու մրցույթ էր սա, տրորված ճանապարհները բացառող, որի հաղթողը ագրարային ճարտարագետներն էին: