Փետրվարի 22-ին տեղի ունեցավ «Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման» նախագծի շնորհանդեսը՝ ոլորտի շահակիցների բավականին ներկայացուցչական կազմի ներկայությամբ: Նախագիծը ԵՄ ֆինանսավորմամբ եւ Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացնում է Ագրարային համալսարանը:
Նախագծի ընդհանուր նպատակը հանգում է Հայաստանում սերմերի եւ տնկանյութի հավաստագրման արդյունավետ համակարգի բացակայության պայմաններում բարձրորակ սերմերի եւ տնկանյութի հասանելիության ապահովմանը եւ այս ուղղությամբ մասնագետների կարողունակության բարձրացմանն ու երկրում հավաստագրման գործընթացին աջակցությանը: Գլխավորապես այս շեշտադրումներն արեցին իրենց խոսքում ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA) նախագծի ղեկավար Պասկալ Բոկերսը, նախագծի ղեկավար Սուսաննա Մեժլումյանը, Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը, տեղակալ Վարսիկ Մարտիրոսյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական հետազոտությունների եւ հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, ծրագրի փորձագետ Դավիթ Բաբայանը հանդես եկավ իր կատարած հետազոտության արդյունքների ամփոփ ներկայացմամբ: Երեք տասնյակ տնկարանային տնտեսությունների շրջանում անցկացված հետազոտության նպատակն էր՝ պարզել տնկարանային տնտեսությունների շրջանում տեսական եւ գործնական դասընթացների պահանջարկը, թեմաներն ու ժամկետները:
Հարցումները հետաքրքիր (որոշ դեպքերում անսպասելի) արդյունքներ են գրանցել, որոնց հիման վրա պարոն Բաբայանն առաջարկեց կազմել ինտենսիվ այգիների համար տնկանյութի աճեցման, հիվանդությունների կանխարգելման եւ բուժման, նոր սորտերի ներդրման, վաճառքի մեխանիզմների եւ ֆինանսական գրագիտության թեմաներով վերապատրաստման դասընթաց: Մյուս առաջարկները վերաբերում են օպերատիվ գյուղատնտեսական խորհրդատվության տրամադրման թվային հարթակի ստեղծմանը եւ արտադրության բազմազանեցման ու կայունացման գործում տնկարանային տնտեսություններին աջակցելուն:
«Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման» նախագծի հաջողությանը եւ առհասարակ մեզանում այս ոլորտի կարգավորմանը մեծապես կնպաստի տնկարանային տնտեսությունների մասին օրենքի ընդունումը, որը սպասվում է ոչ հեռու ապագայում: