Սեմինար պարապմունքներ Տավուշի մարզում

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) «Հայաստանի անապահով համայնքներում մարդու անվտանգության բարձրացում եւ կայուն հասարակության զարգացում» ծրագրի շրջանակում կաթիլային ոռոգման փորձացուցադրական տեղամասերում ուսումնաարտադրական պրակտիկա անցկացնելու նպատակով Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի 13 ուսանողներ եւ 3 դասախոսներ հուլիսի 15-ին եւ 16-ին մեկնեցին Տավուշի մարզի Վերին Կարմրաղբյուր, Բերդ եւ Չորաթան համայնքներ:

Դաշտային սեմինար պարապմունքներն անցկացրեց Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, գ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը: Նա մանրամասն ներկայացրեց կաթիլային ոռոգման սկզբունքները, որից հետո ուսանողները դաշտային չափումներ կատարեցին՝ ջրի ծախսի, գոլորշիացման, ճնշման, ջրման նորմերի, ինչպես նաեւ հանգույցային այլ աշխատանքներ:

Ցուցադրական տեղամասերում կաթիլային համակարգով էին ոռոգվում խաղողի այգիները, թզենիները, ընկուզենիները, տանձենիները, տխլենիները:

Պրակտիկայի շրջանակում ուսանողներն այցելեցին Նորաշեն համայնքում բացված կենտրոն եւ Տավուշի ջրամբարային գլխային հանգույց:

Հագեցած երկու օր եւ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու շատ լավ հնարավորություն: