Անցյալ շաբաթ ՀԱԱՀ-ն իրականացրեց «հետքովիդյան» իր չորրորդ ներգնա շարժունությունը՝ Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում։ Այս անգամ մեր հյուրերն էին Բանատի գյուղատնտեսական գիտությունների եւ անասաբուժական բժշկագիտության համալսարանի հողագիտության ամբիոնի պրոֆեսորներ Վյաչեսլավ Մազարեն եւ Մարիուս Սիլվիուս Ստրոյան, որոնք համալսարան էին ժամանել դասավանդման եւ վերապատրաստման նպատակով։
Այցի առաջին օրը մեր հյուրերն այցելեցին ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ, որտեղ հանդիպեցին դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանի եւ աշխատակից Զարինե Պողոսյանի հետ։ Նրանք ներկայացրեցին ՀԱԱՀ-ի միջազգային համագործակցության հնարավորություններն ու առկա ծրագրերը, նախկինում իրականացված շարժունությունները երկու համալսարանների միջեւ եւ դրանց արդյունքները։
Այնուհետեւ հյուրերն այցելեցին Ագրոտեխնոլոգիական ինկուբատոր, որտեղ տիկին Պողոսյանը շնորհանդեսի միջոցով ներկայացրեց համալսարանի տեսլականը, կառուցվածքային ստորաբաժանումները, կրթական համակարգը ու նորարարությունները, ինչպես նաեւ համալսարանի միջազգայնացման գործընթացը: Ինկուբատորի ծրագրի համակարգող Սուսաննա Հայրապետյանը ներկայացրեց ինկուբատորի գործունեությունը։
Հյուրերն այցելեցին նաեւ գիտական գրադարան, սննդամթերքի անվտանգության լաբորատորիա, նորաստեղծ հացի եւ հրուշակագործության լաբորատորիա, տարբեր ամբիոններ եւ այլ ստորաբաժանումներ։
Ագրոնոմիայի ֆակուլտետում դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի եւ դասախոսների հետ ակտիվ քննարկում ծավալվեց։ Երկուստեք մեծ ցանկություն արտահայտվեց համավարակի պատճառով ստեղծված սահմանափակումներից հետո նոր ուժով սկսելու արդյունավետ համագործակցություն։
Պրոֆ. Մազարեի դասախոսության թեման էր՝ «Ռումինիայի հողի պահպանումը, դասակարգումն ու հատուկ հատկությունները»։ Դասախոսությունից հետո հանդիպում տեղի ունեցավ բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանի հետ, որը հյուրերին առաջնորդեց դեպի ջերմատուն, որտեղ նույն ամբիոնի դոցենտներ Ալինա Թադեւոսյանը եւ Հասմիկ Տերտերյանը ներկայացրեցին ջերմատունը եւ գրունտային միջավայրում հիդրոպոնիկ եղանակով բույսերի մշակությունը։ Հյուրերն այցելեցին նաեւ բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնին կից օրգանական գյուղատնտեսության լաբորատորիա, որտեղ Լուսինե Երիցյանը ներկայացրեց հողի եւ բույսերի քիմիական անալիզների իրականացումը նորագույն տեխնոլոգիաներով։
Շաբաթվա վերջում ՄԿԴ աշխատակիցների հետ կայացած վերջին հանդիպմանը հյուրերն ամփոփեցին իրենց այցի արդյունքներն ու տպավորությունը, նախանշեցին այն գիտական ոլորտները, որոնց շրջանակներում համագործակցության խորացման հնարավորություններ կան, ինչպես նաեւ ցանկություն հայտնեցին շարունակել մեր երկու բուհերի հնգամյա համագործակցությունը։