Ռեկտոր Վարդան Ուռուտյանը երեկ՝ սեպտեմբերի 27-ին ընդունել է Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանին եւ Ֆրեզնոյի ավագանու անդամ Մայք Կարբասիին։ Ինչպես ասաց պարոն Աբգարյանը, այցն Ագրարային համալսարան եւ հանդիպումը ռեկտորի հետ երկու նպատակ ունեին՝ բարեկամական եւ գործնական։
«Անշուշտ, առաջին հերթին ցանկություն ունեի հանդեպել Ձեզ հետ եւ սեղմել Ձեր ձեռքը որպես կրթության ու գյուղատնտեսության ոլորտների առաջնորդի եւ ծանոթանալ Ագրարային համալսարանում առկա զարգացումներին։ Սակայն կարեւոր եմ համարում նաեւ այս հանդիպումից երկուստեք կոնկրետ շոշափելի արդյունքներ քաղելու հնարավորությունների նախանշումը», – ասաց պարոն Աբգարյանը։
Պատվո հյուպատոս Աբգարյանը եւ պարոն Կարբասին մանրամասնորեն հետաքրքրվեցին Ագրարային համալսարանի հետ գործակցության տարբեր հնարավոր ուղղություններով։ Ուրախությամբ տեղեկացան, որ Կալիֆորնիա նահանգի եւ մասնավորապես Ֆրեզնոյի՝ Կալիֆորնիայի պետական համալսարանի հետ Ագրարայինն ունի բավականին հին եւ վերջին տարիներին էապես աշխուժացած գործարար ու բարեկամական կապեր։
Ռեկտոր Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց կալիֆորնիացի գործընկերներին՝ այցելության եւ համագործակցության նոր ուղղություններով աշխատելու պատրաստակամության համար։ Ծանոթացրեց վերջին տարիներին համալսարանում իրականացված շրջադարձային բարեփոխումներին։
Քննարկվեցին Ֆրեզնոյի համալսարանի եւ Ագրարայինի միջեւ ուսանողների եւ դասախոսների փոխանակմանը, համատեղ հետազոտական աշխատանքներին առնչվող եւ այլ հարցեր։ Պատվո հյուպատոս Աբգարյանը, պարոն Կարբասին եւ կալիֆորնիացի մյուս հյուրերը տպավորված էին հանդիպումից եւ պարտավորվեցին հետեւողական լինել Ագրարային համալսարանի հետ Կալիֆորնիայի ազդեցիկ հայ համայնքի եւ Ֆրեզնոյի ավագանու միջեւ հետագա համագործակցության հարցում։