Երեկ՝ ապրիլի 3-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է Հարմարվողականության հիմնադրամի քարտուղարության կլիմայի գծով ավագ մասնագետ Մահամաթ Աբաքար Ասյուտին, մասնագետներ Ալիսա Գոմեսին եւ Մարտինա Դորիգոյին՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանի եւ փոխտնօրենի պաշտոնակատար Արմեն Խոջոյանի ուղեկցությամբ։
Փոխճանաչողական բնույթի հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող եւ համագործակցության ընդհանուր եզրեր ունեցող հարցեր։ Զրուցակիցները մասնավորապես կանգ առան հիմնադրամի եւ պետական հիմնարկի համատեղ գիտական ծրագրերին ՀԱԱՀ-ի հետազոտող գիտնականներին ներգրավելու հնարավորությունների վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ինչպես նշեց ռեկտոր Ուռուտյանը, ագրարային ոլորտում առկա նոր մոտեցումներն ու ծրագրերը այսպես թե այնպես ուղղակիորեն հանգեցնում են հենց հարմարվողականությանը։
Հանդիպումից հետո ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին համալսարանի նորարարական լաբորատորիաներից մի քանիսը։
Հարմարվողականության հիմնադրամը ստեղծվել է Կիոտոյի արձանագրության կողմ հանդիսացող, կլիմայի փոփոխության անբարենպաստ հետեւանքների նկատմամբ խոցելի զարգացող երկրներում հարմարվողականության նախագծերի եւ ծրագրերի ֆինանսավորման նպատակով: Հիմնադրամում Հայաստանի լիազոր մարմինը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն է, իսկ հիմնադրամին հավատարմագրված հայաստանյան միակ մարմինը ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկն է (վերահավատարմագրվել է այս տարվա մարտի 1-ին)։
Հավատարմագրումից ի վեր ԲԾԻԳ ՊՀ-ն հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է մի շարք կարեւոր ծրագրեր, որոնցից մեկի՝ «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների եւ ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի արդյունքների ամփոփումը տեղի ունեցավ մեր համալսարանում։