Ռեկտոր Վարդան Ուռուտյանի սեպտեմբերմեկյան ուղերձը

Սիրելի ուսանողներ եւ գործընկերներ, ծնողներ։

2021-22 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ը մենք դիմավորում ենք մեր Հայրենիքի համար ոչ դյուրին պայմաններում։ Պատմականորեն աննախադեպ փորձություններից, հատկապես ի նկատի ունեմ պատերազմն ու համավարակը, Ագրարային համալսարանը չէր կարող անմասն մնալ։ Մենք պատվով դուրս եկանք այդ փորձություններից, ցավալիորեն՝ թանկ կորուստների գնով, սակայն նաեւ՝ մեջքը շտկելու վճռականությամբ եւ կարողությամբ։

Անցյալ ուսումնական տարվա եւ ամառային արձակուրդների ընթացքում համալսարանում չթուլացող ռիթմով շարունակվել է բարեփոխումների ընթացքը, որը ներառում է ագրարայինից դեպի ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոնի վերափոխման մեր քաղաքականությունն ու գործելակերպը, մեր պրոֆեսորադասախոսական եւ ուսումնաօժանդակ անձնակազմերի ամենօրյա տքնաջան աշխատանքը։ Այդ աշխատանքի հաջողությունը մեծապես բացատրվում է համալսարանի միջազգային ու հայաստանյան գործընկերների ցանցի ընդլայնմամբ ու փոխգործակցության որակով ու արդյունավետությամբ։

Սիրելի առաջինկուրսեցիներ, բարի գալուստ Ագրարային համալսարան։ Դուք այսօր սկսում եք ձեր ուսանողական կյանքը, որը հետաքրքիր է լինելու․ դուք ոտք եք դնում մի համալսարան, որը պատմականորեն շատ կարճ ժամանակաշրջանում՝ 3 տարում դարձել է մեր երկրի բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումների առաջատարը եւ շարունակում է մնալ անվիճելի առաջատարն ու փոփոխությունների դրոշակակիրը։ Ես լիահույս եմ, որ դուք, հաղթահարելով որոշակի դժվարություններ՝ համալսարան եք ընդունվել ձեր սրտի կանչով եւ դառնալու եք ագրարային եւ հարակից ոլորտների վաղվա առաջնորդները։

Այդ վաղը լինելու է տեխնոլոգիական․ ուստի մենք ամեն ինչ անում ենք, որ ձեր կրթությունը համապատասխանի միջազգային չափորոշիչներին՝ մշտապես վերանայում ենք կրթական ծրագրերը՝ ելնելով աշխատաշուկայի այսօր առկա եւ վաղվա իրական պահանջներից, անընդհատ ստեղծում ենք ուսումնական, գիտահետազոտական ու արտադրակական հնարավոր լավագույն պայմանները՝ երկրին պիտանի մասնագետներ եւ, անշուշտ, քաղաքացիներ պատրաստելու համար։ Իսկ աշխատաշուկան գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտի մասնագետների լուրջ պակաս ունի, իհարկե՝ խոսքը որակյալ աշխատուժի մասին է։ Ագրարային համալսարանում ձեր ուսումնառությունը այդ բացը լրացնելու ձեր եզակի հնարավորությունն է։

Սիրելի ուսանողներ եւ դասախոսներ, հարգելի գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ։ Այն կարեւոր օր է բոլորիս համար որպես ուսումնական տարվա սկիզբ եւ Գիտելիքի օր․ սակայն այստեղ՝ Ագրարային համալսարանում, այս օրն ընկալվում է ոչ միայն որպես մեծ տոն, այլեւ՝ հաշվետու լինելու կարեւոր հանգրվան՝ ինչ ենք արել եւ ինչի ենք հասել սեպտեմբերից մինչեւ սեպտեմբեր։ Ուզում եմ, որ դուք էլ, սիրելի ուսանողներ, ձեր առջեւ դնեք արդիական գիտելիքների ու հմտությունների տեր մասնագետ եւ երկրի տեր-քաղաքացի դառնալու հստակ նպատակ եւ հանգրվան առ հանգրվան հասնեք ձեր առջեւ դրված անձնական եւ ազգային նպատակներին։ Համալսարանի ղեկավարությունն ու դասախոսները ձեր առաջին համախոհն ու գործընկերն են ձեր առողջ նպատակների ու երազանքների իրականացման գործում։

Բարին ընդ ձեզ։