Ռեկտոր Վարդան Ուռուտյանի սեպտեմբերմեկյան ուղերձը

Գիտելիքի օրվա՝ Սեպտեմբերի 1-ի գեղեցիկ տոնի առթիվ ջերմորեն ողջունում եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հարգելի գործընկերներին, սիրելի ուսանողներին, ծնողներին, կրթության ոլորտի հարգարժան աշխատակիցներին եւ շահակից հանրությանը։ Ինձ համար առանձնապես հաճելի է բարի գալուստ մաղթել առաջինկուրսեցիներին եւ շնորհավորել Ագրարային համալսարանի ուսանող դառնալու առթիվ։

Ավանդաբար արժեւորելով սեպտեմբերից սեպտեմբեր մեր անցած ճանապարհը, գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեզ, ընդհանուր առմամբ, հաջողվել է առաջ տանել  կրթական ծրագրերի կառուցվածքային եւ բովանդակային բարեփոխումները, քոլեջում ներդնել դուալ կրթական համակարգը, համալսարանում ներդնել նոր՝ արդիական մասնագիտություններ։ Շահագործման են հանձնվել եւ այժմ ամբողջ թափով գործում են մի շարք նոր ենթակառույցներ՝ Ագրոճամբարը, Կաթնամթերքի վարպետաց դպրոցը, Ագրոդրոնների լաբորատորիան, Գարեջրագործության եւ թորման եւ Հացի-հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիաները եւ այլն։

Անցած ուսումնական տարում մենք իրականություն դարձրեցինք հայաստանյան կրթահամակարգի համար եւս մեկ նորամուծություն՝ աշխատանքային կիսամյակը։ Այս նորարարական գործելակերպը առաջինը կիրառվեց Ագրոնոմիական ֆակուլտետում եւ լիովին արդարացրեց իրեն։ Գործընթացը կշարունակվի սեպտեմբերի առաջին օրերից եւ կընդգրկի մյուս ֆակուլտետները եւս։

2022-2023 ուսումնական տարում կշարունակենք նորարարական ուսումնահետազոտական կարեւոր նոր կենտրոնների գործարկումը։ Մենք պատվախնդրորեն կշարունակենք նաեւ Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի շրջանակում մեր համալսարանի առաքելությունը, որն առաջիկա տարիներին կհանգեցնի հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը ագրարային ոլորտում։

Համալսարանը քայլեր է մշակել ագրարային մասնագիտությունների գրավչության բարձրացման ուղղությամբ, որոնք միտված են դիմորդների թվի ավելացմանը։ Շուտով կմեկնարկի Ագրարայինի՝ որպես ագրոտեխնոլոգիական համալսարանի վերաբրենդավորման կարեւոր գործընթացը։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Սեպտեմբերի 1-ը մենք դիմավորում ենք, ընդհանուր առմամբ, արդեն ամբողջացած կրթական նոր միջավայրում եւ պատրաստ ենք առաջընթացի նոր բնագծերի ձեւավորմանը։

Շնորհավոր Սեպտեմբերի 1 եւ եկեք համատեղենք մեր ջանքերը՝ նոր նվաճումներ ունենալու համար։