Այսօր՝ Հայոց բանակի օրը, ջերմորեն ողջունում եմ հայ սպաներին եւ զինվորներին, նրանց հարազատներին եւ ամբողջ ժողովրդին: Շնորհավորում եմ կարեւորագույն ազգային տոնի առթիվ, մաղթում խաղաղություն մեր երկրին: Խոնարհվում եմ Հայրենիքի ապագայի համար անմահացած մեր հերոսների հիշատակի առջեւ․ նրանց իմացյալ նվիրումը դեռ խոսելու է դարերի մեջ։
Ազգային բանակը մեր ժողովրդի ամենանվիրական իղձերի արտահայտիչն ու արժեքների կրողն ու պահապանն է: Այսօր, չնայած պատմականորեն ու աշխարհաքաղաքականորեն ձեւավորված լրջագույն մարտահրավերներին, մեր բանակը եղել եւ մնում է Հայաստանի եւ ամբողջ հայության ազգային անվտանգության, մեր հույսերի ու ապագայի թիվ մեկ երաշխավորը: Մենք բոլորս ոչ միայն ըստ արժանվույն պետք է գնահատենք հայ զինվորի կարեւորագույն դերն ու նշանակությունը մեր ազգային-պետութենական զարգացման գործում, այլեւ, յուրաքանչյուրս մեր գործունեության ասպարեզում, ըստ ամենայնի սատարենք եւ ամուր, շոշափելի ու հուսալի թիկունք լինենք նրա համար:
Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանող զինվորականներին: Մենք հպարտանում ենք ձեզանով եւ սպասում ձեր բարի վերադարձին: Համալսարանում իրականացվող բարեփոխումների տեմպը չի թուլանում, եւ ձեր վերադարձին դուք կտեսնեք սովորելու եւ ստեղծագործելու համար էլ ավելի բարվոք միջավայր: Համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական եւ ուսումնաօժանդակ կազմերն անում են հնարավորը, որ դուք կարողանաք հանգիստ խղճով ծառայել հայրենիքին:
Աստված օրհնի Հայոց բանակը եւ հայ ժողովրդին: