ՀԱԱՀ-ի բակալավրիական, մագիստրոսական ծրագրերը, ինչպես նաեւ համալսարանի քոլեջներն այս տարի ավարտեց 996 ուսանող։ Համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ղեկավարության, ուսանողների եւ անձամբ իմ անունից պատիվ ունեմ ջերմորեն ողջունելու եւ շնորհավորելու մեր բոլոր շրջանավարտներին, նրանց ծնողներին ու մերձավորներին՝ ուսումնառության այս փուլն ավարտելու եւ մասնագիտական կյանք ոտք դնելու կապակցությամբ։
Սիրելի շրջանավարտներ, հենց ձեր ուսումնառության տարիներին, ձեր աչքի առջեւ Ագրարայինն անցավ կերպարանափոխման ու բովանդակափոխման մի ուղի, որ օրինակելի է համարվում մեր երկրի բարձրագույն կրթության ամբողջ համակարգի համար։ Դուք ավարտել եք բուհ, որն իր նորարար մոտեցումներով, միջազգայնորեն մրցունակ կրթական ծրագրերով, ստեղծարար միջավայրով ու ուսումնահետազոտական նորագույն տեխնոլոգիական հնարավորություններով իր վստահ հայացքը հառել է ապագային։
Ապագան, բոլոր եղած ու ակնկալվող մարտահրավերներով հանդերձ, անսահմանափակ հնարավորություններ է թաքցնում, բայց՝ ոչ ձեզանից․ ես վստահ եմ, որ դուք գիտեք, թե որտեղ եւ ինչ հնարավորություններ կան ձեր մասնագիտական գիտելիքները, կարողությունները, հմտություններն ու արդեն ունեցած համեստ, բայց արժեքավոր փորձը կիրառելու համար։ Դուք այս տարիներին սովորեցիք սովորել, ուստի դուք արդեն ձեռք եք բերել ամենակարեւորը։
Սիրելի շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեր կյանքի այս կարեւոր փուլն անցնելու եւ նոր հանգրվանի մեկնարկի առթիվ։ Երկու հարցում վստահ եմ․ մեր երկիրը ոտքի է կանգնելու, մեր գյուղատնտեսությունը տեխնոլոգիական թռիչք է կատարելու եւ դուք, սիրելի շրջանավարտներ՝ իմ հարգելի գործընկերներ, վստահաբար ձեր ծանրակշիռ բաժինն եք ունենալու այդ գեղեցիկ թռիչքի, այդ զարգացման գործում։
Ուրեմն բարի երթ ձեզ մասնագիտական, աշխատանքային ու հայրենաշինության անդաստանում։ Աստված օգնական Հայաստանին եւ ձեզ։