Ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Սիրելի ուսանողներ եւ երիտասարդներ։ Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է։ Այն միայն 22 տարվա պատմություն ունի, բայց հիմնովին ամրակայվել է ամբողջ աշխարհի երիտասարդության, նրան առնչվող եւ նրա հարցերով զբաղվող կառույցների ու անհատների գիտակցության մեջ որպես կարեւոր տոն եւ միաժամանակ երիտասարդության մշակութային ու իրավական խնդիրների լուծման վրա կառավարությունների ուշադրությունը հրավիրելու պատեհ առիթ։

Տոնի այս տարվա կարգախոսն է՝ «Միջազգային համերաշխություն․ կերտել աշխարհ բոլոր տարիքների համար»։ Սերունդների համերաշխությունը մեր ժողովրդի բարոյական ավանդույթների հիմքում դրված կարեւորագույն սկզբունքներից մեկն է, որի հետեւողական պահպանման ականատեսն եք նաեւ մեր համալսարանում։ Հենց այս սկզբունքի խորհրդանշական դրսեւորումներից մեկը մեր համալսարանի «Սերունդ» հրաշալի գինու պիտակն է արտահայտում՝ ուսուցչից վարպետության փոխանցումը աշակերտին։

Սիրելի երիտասարդներ, բացի համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմից սիրված ու գնահատված լինելուց, ձեզ այսօր համալսարանում վերաբերվում եւ հարգում են որպես գործընկերների։ Ձեզ համար ստեղծված ազատ, ստեղծագործական, արդիական տեխնոլոգիաներով հագեցած կրթական միջավայրում դուք գնալով ավելի ու ավելի ուժեղ, բանիմաց, նպատակասլաց եք դառնում եւ ավելի հստակ գիտակցում, թե ինչպես եք կերտելու մեր երկրի ապագան, որ աներկբայորեն ագրոտեխնոլոգիական է լինելու։

Վերջին տարիներին Հայաստանում այս գեղեցիկ տոնը պատշաճ ուշադրության է արժանանում, ուղեկցվելով բազմաթիվ նպատակային միջոցառումներով, մշակութային իրադարձություններով, երիտասարդների իրավունքների ու շահերի օգտին երիտասարդական կազմակերպությունների ակտիվ քարոզչությամբ։ Մասնավորապես այսօր հետաքրքիր միջոցառումներ են տեղի ունենում այս տարվա երիտասարդական մայրաքաղաք հռչակված Հրազդան քաղաքում։

Սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ եւ մաղթում, որ մշտապես հզորանաք որպես մարդ, քաղաքացի եւ մասնագետ։ Տեր կանգնեք ոչ միայն ձեր, այլեւ ձեր համալսարանի, հասարակության եւ երկրի իրավունքներին՝ միաժամանակ ոչ մի րոպե չմոռանալով ձեր՝ որպես մարդու, քաղաքացու եւ մասնագետի պարտականությունների, անընդհատ կրթվելու եւ հաջորդ սերնդին ասելիք ունենալու մասին։

Վերջին չորս տարիներին դուք ականատես եք եղել, թե ինչպես սեպտեմբերի 1-ին ձեզ դիմավորող համալսարանը մինչեւ հունիս ուրիշ է դառնում ու նոր բովանդակությամբ լցվում․ այս ուսումնական տարվա ընթացքում եւս դուք կտեսնեք, կվայելեք եւ ձեզ համար կիմաստավորեք ու կօգտագործեք նորանոր հնարավորություններ՝ հանուն ձեր եւ Հայրենիքի վաղվա օրվա։ Մաղթում եմ խաղաղություն մեր երկրին, որ ոչինչ չխոչընդոտի ձեր ճիշտ որոշումների կայացմանն ու ստեղծագործ նախաձեռնությունների իրականացմանը։