Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային համերաշխության օրվա կարեւոր առիթով ջերմորեն ողջունում եւ շնորհավորում եմ գյուղատնտեսության ոլորտի բոլոր աշխատավորներին, գիտնականներին, դասախոսներին, Ագրարային համալսարանի սիրելի ուսանողներին։
Բոլոր մասնագիտություններն ու աշխատանքներն էլ մարդուն հարգանք են բերում, եթե նա իր գործն անում է սիրով, անհրաժեշտ, երբեմն էլ՝ առավելագույն ջանք ու հմտություն գործադրելով, գերազանցության հասնելու մշտական ձգտումով։ Ագրարային ոլորտի յուրօրինակությունը երկիրն ու աշխարհը կերակրելու պատվաբեր պարտականությունն է։ Այսօրվա հարափոփոխ աշխարհում մեր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը մեզանից պահանջում է լուրջ կրթություն, նորագույն տեխնոլոգիաների իմացություն եւ վաղվա հեռանկարի պատկերացում։
Միքայել Նալբանդյանի «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» բազմաթիվ առումներով քրեստոմատիկ ստեղծագործության մեծագույն արժանիքներից մեկն էլ այն էր, որ դրա լույսընծայումից անմիջապես հետո հայ հասարակության մեջ, ըստ էության, ձեւավորվեց գյուղատնտեսական ու արհեստագործական վարժարանների պահանջարկը եւ դրանք սկսեցին կյանքի կոչվել։ Սիրելի գործընկերներ, մեր աշխատանքում մենք ամեն օր որոշումներ ենք կայացնում․արդարացված, կենսունակ ու հեռանկարային են այն որոշումները, որոնք կայացվում են իրազեկության, կրթության ու կրթվածության հիմքի վրա։
Բառացիորեն ամեն օր մենք դրական ազդակներ ենք ստանում Ագրարային համալսարանի շրջանավարտների գործատուներից՝ նրանց աշխատանքային հաջողությունների, նվաճումների մասին։ Նրանց հաջողությունը ամբողջ ոլորտի, այլ խոսքով՝ երկրի ու հասարակության հաջողությունն է։
Ագրարային համալսարանն իր նոր կրթական ծրագրերով ու գործնական տեխնոլոգիական կրթություն ապահովելու իր հզորացած կարողականությամբ շարունակում է անել հնարավոր առավելագույնը՝ գյուղոլորտի մարդկանց ազնիվ ու դժվարին աշխատանքն էլ ավելի պատվաբեր ու գնահատված եւ Հայրենիքի համար շատ ավելի արդյունարար դարձնելու համար։
Շնորհավոր Աշխատավորների միջազգային օրը։