Ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ

Սիրելի ուսանողներ, հարգելի գործընկերներ:

Մեկ տարի առաջ, երբ դիմավորում էինք մեր հույսերի 2021 թվականը, ես կոչ էի արել, հակառակ մեր երկրին ու համալսարանին բաժին հասած անօրինակ փորձությունների, երբեք չընկճվել եւ ամենօրյա նվիրյալ աշխատանքով ապահովել մեր հաջողությունների շարունակականությունը:

Այսօր ուրախությամբ ու գոհունակությամբ արձանագրում եմ, որ 2021-ին մենք հասել ենք մեր նախանշած բնագծերին, ըստ էության՝ համալսարանի գործունեության բոլոր հիմնական ուղղություններում՝ ուսումնական, գիտական, խորհրդատվական: Մենք եւս մեկ էական առաջընթաց քայլ ենք կատարել դեպի համալսարանի տեխնոլոգիական ապագան: Կրթական ծրագրերի կառուցվածքային եւ բովանդակային վերափոխման, դուալ կրթության, նորագույն մասնագիտությունների (կայուն գյուղատնտեսություն, ճշգրիտ գյուղատնտեսություն, հողային եւ ջրային ռեսուրսների ճարտարագիտություն եւ այլն) ներդրման եւ ստեղծված մի շարք արդիական ենթակառույցների (Ագրոճամբար, Ագրոդրոնների լաբորատորիա, Կաթնամթերքի վարպետաց դպրոց, Գարեջրագործության և թորման լաբորատորիա, Հացի-հրուշակեղենի լաբորատորիա եւ այլն), պրոֆեսորադասախոսական կազմի անընդհատական մասնագիտական վերապատրաստումների միջոցով մեզ հաջողվեց ընդհանուր առմամբ ամբողջացնել կրթական նոր միջավայրը:

Ագրարային համալսարանի մեծ ընտանիքը 2021-ին էլ ավելի ամրապնդվեց ներսից, դարձավ ավելի համերաշխ ու կուռ եւ ձեռք բերեց նորանոր գործընկերներ, համախոհներ, գաղափարակից ու աջակից ընկերներ թե Հայաստանում եւ թե երկրի սահմաններից դուրս: Համատեղ ջանքերով մենք կարողացանք հասնել համալսարանի համբավի ու վարկանիշի բարելավմանը: Շնորհակալ եմ լավ աշխատանքի համար:

Հաշվի առնելով բարեփոխումների տեմպը եւ խորքային բնույթը, մեր գործընկերների ընդլայնվող ցանցն ու պետական աջակցությունը, վստահ եմ, որ 2022 թվականը լինելու է բարեփոխումների խորացման, նոր ենթակառույցների ստեղծման տարի: Մենք Ագրարային համալսարանն ենք եւ, այո, շարունակելու ենք զարմացնել մեր նոր ու տպավորիչ ձեռքբերումներով, նոր նորարարություններով, ինչպիսին է, օրինակ, աշխատանքային կիսամյակի ներդրումը, նոր, ոչ միայն կրթագիտական, մեգանախագծերի իրականացումը, որ զարգացնելու են երկրի գյուղատնտեսության ու ագրոբիզնեսի ամբողջ ոլորտը, ստեղծելու են հազարավոր աշխատատեղեր:

Սիրելի գործընկերներ, Նոր տարում մեր հավաքական ջանքը շարունակելու է ուղղված լինել, ի վերջո, մեր ուսանողի, մեր համալսարանի եւ մեր երկրի զարգացմանը, բարեկեցությանն ու անվտանգությանը: Վստահ եմ, որ դա լինելու է, ինչպես Հրանտ Մաթեւոսյանը կասեր՝ հավատավոր ու անբասիր ջանք:

Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ: Մեր երկրին մաղթում եմ արժանապատիվ ու մնայուն խաղաղություն, որի կերտողներից է Ագրարային համալսարանի ընտանիքը: Բոլորիդ եւ յուրաքանչյուրիդ, ձեր ընտանիքներին ու մերձավորներին մաղթում եմ առողջություն, ընտանեկան երջանկություն ու ստեղծագործ աշխատանք: