Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հունիսի 13-ից 17-ը աշխատանքային այցով գտնվում է Իսպանիայի Մալագայի համալսարանում։ Գործակցային կապերի ստեղծման եւ խորացման նպատակ հետապնդող այցի ընթացքում պարոն Ուռուտյանը եղել է համալսարանի տարբեր ստորաբաժանումներում, նորարարական լաբորատորիաներում եւ կենտրոններում, հանդիպումներ ունեցել համալսարանի պատասխանատուների հետ։
Տպավորիչ եւ արդյունավետ էին այցելություններն ու հանդիպումները Մալագայի համալսարանի միջազգային գրասենյակ, գրեթե հարյուրամյա պատմություն ունեցող Վիկտորիա գարեջրագործական ընկերություն, Զբոսաշրջության ֆակուլտետի սննդագիտական լաբորատորիա, «Կանաչ ճառագայթ» տեխնոլոգիական կենտրոն, Արդյունաբերական ճարտարագիտության ֆակուլտետ եւ այլն։
«Կանաչ ճառագայթ» տեխնոլոգիական կենտրոնը՝ համատեղ օգտագործվող գրասենյակային տարածքներով, լսարաններով ու ստարտափների գրասենյակներով եւ Արդյունաբերական ճարտարագիտության ֆակուլտետն իր 6 նորարարական լաբորատորիաներով ու կրթական ծրագրերով (մեքենաշինական ճարտարագիտություն, էլեկտրական ճարտարագիտություն, էլեկտրոնիկա, վերականգնվող էներգիա, արդյունաբերական տեխնոլոգիաներ եւ այլն), առանձնապես տպավորել են ՀԱԱՀ ռեկտորին։ Մեքենասարքավորումների լաբորատորիայում Մալագայի ուսանողները, ինչպես ասում են՝ զրոյից, էլեկտրամոբիլ են հավաքել։ Առհասարակ Մալագայի համալսարանի եւ մասնավորապես այս առաջնակարգ ստորաբաժանումների հետ ռեկտոր Ուռուտյանը համագործակցության լուրջ հեռանկարներ է տեսնում, որի համար լավ նախադրյալներ ստեղծվեցին այցի շրջանակում։
Ընդհանուր առմամբ, ինչպես եւս մեկ անգամ առարկայորեն ցույց տվեց ՀԱԱՀ ռեկտորի այցը միջազգային բավականին բարձր վարկանիշ ունեցող Մալագայի համալսարան, ՀԱԱՀ-ի բարեփոխված կրթական ծրագրերը միանգամայն համահունչ եւ համադրելի են միջազգային համանման ծրագրերի հետ, իսկ մեր նորարարական լաբորատորիաներն իրենց ուսումնահետազոտական հնարավորություններով չեն զիջում համաշխարհային համբավ ունեցող համալսարանների համանման ենթակառույցներին։ Անշուշտ, կոնկրետ ճարտարագիտական ենթակառույցների առումով դեռ շատ անելիքներ ունենք, որոնք առաջիկայում կդառնան հստակ պլաններ․․․
Այսօր՝ հունիսի 17-ին ռեկտոր Ուռուտյանի այցն ավարտվում է՝ Մալագայի համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում նախատեսված հանդիպմամբ։