Ռեկտորատի նոյեմբերյան նիստ․ ընդունելության բարձր ցուցանիշների համատեքստում առավել հստակ դրվում է ուսման որակի հարցը

Ռեկտորատի հերթական նիստը կայացավ երեկ՝ նոյեմբերի 25-ին, ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Օրակարգային հիմնական երկու հարցերից մեկը վերաբերում էր բակալավրիատի եւ մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2024-2025 ուստարվա ընդունելության արդյունքներին, ինչպես նաեւ ուսումնական պարապմունքների եւ քննությունների կազմակերպման գործընթացներին։ Զեկուցումներով հանդես եկան ուսումնական ստորաբաժանումների ղեկավարները։

Բոլոր ֆակուլտետներում ընդունելության՝ վերջին տարիների լավագույն ցուցանիշների համատեքստում դարձյալ եւ առավել հստակ դրվում է ուսման որակի հարցը, որի մասին խոսեց պարոն Զաքոյանը։ Ուսանողների քանակի ավելացումը ենթադրում է ֆինանսական կայունության ավելի բարձր մակարդակ, սակայն բոլորին եւ մասնավորապես առաջին կուրս ընդունվածներին մեր ուղերձը պիտի լինի՝ ուսման որակն առավել կարեւոր է մրցունակ մասնագետ դառնալու համար, նշեց ռեկտորի պարտականությունները կատարողը։ Այս ուղերձը, ինչպես տեղեկացրին դեկանները եւ մասնաճյուղերի տնօրենները, ըստ էության, արդեն տրվել է առաջինկուրսեցիներին՝ նրանց հետ կազմակերպված հանդիպումների ժամանակ։

Առկա ձեռքբերումները դրական տեղաշարժ որակելով հանդերձ, պարոն Զաքոյանը նշեց, որ ավելի մեծ աշխատանք կա անելու, մասնավորապես՝ հեռակայի երբեմնի համբավն ու մտածելակերպը չհանդուրժելու, առհասարակ որակյալ կրթություն ապահովելուն խանգարող խոչընդոտները վերացնելու ուղղությամբ։ Բոլորի, այդ թվում արտոնյալ պայմաններով ընդունվածների համար հստակ պիտի լինի․ «Ագրարային համալսարան ընդունվելը հեշտ է, սովորելը՝ դժվար, որակավորում ստանալը՝ էլ ավելի դժվար»։ Պարոն Զաքոյանը ուսումնական ստորաբաժանումների ղեկավարներին միաժամանակ հորդորեց ավելի սերտորեն համագործակցել Որակի ապահովման կենտրոնի հետ եւ աշխատել, որ ուսանողը սահուն ինտեգրվի միջավայրին, վստահություն եւ ինքնուրույնություն ձեռք բերի։

Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի եւ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանում ուսումնական գործընթացի կազմակերպման վիճակի վերաբերյալ զեկուցեցին այս ստորաբաժանումների ղեկավարները՝ Վարդան Վարդանյանը եւ Արաքս Հակոբյանը։

Պարոն Վարդանյանն իր խոսքը սկսեց պետական գործիչ Անտոն Քոչինյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքով։ Խոսեց կարգապահական հարցերը քոլեջում մշտական հոգածության առարկա դարձնելու, ծնողների հետ համագործակցության, առաջադիմության (միջանկյալ քննությունների արդյունքներում փոքր-ինչ նվազում կա), քոլեջի կարիերայի կենտրոնի ակտիվ աշխատանքի, դուալ ծրագրով բնականոն ընթացող աշխատանքների մասին։ Խոսվեց նաեւ որոշ դասախոսների՝ մանկավարժահոգեբանական խնդիրների հաղթահարման անհրաժեշտության, ուսանողների փորձուսուցման ընկերությունների թիվն ավելացնելու, եղածների հետ սահուն աշխատելու ջանքերի մասին։

Վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանն, ի թիվս այլոց, անդրադարձավ ուսուցիչների ատեստացիայի հարցին․ վարժարանի 10 ուսուցիչներ (մանկավարժական կազմի 40 տոկոսը) արդեն անցել է կամավոր ատեստացիա, 9-ն էլ կմասնակցի պարտադիր վերապատրաստման։ Հանրակրթության բնագավառում երկրում իրականացվող փոփոխությունների համատեքստում վարժարանի հանրույթն ու աշակերտությունը, ըստ ամենայնի, պատրաստ են մարահրավերների եւ առաջնթացը շարունակելու։