Այսօր՝ մայիսի 30-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստը ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Օրակարգի հիմնական հարցերը վերաբերում էին փորձուսուցումների կազմակերպման արդյունավետությանը, ռեկտորատի որոշումների կատարման ընթացքին, կամընտրային առարկաների դասընթացների կազմակերպման խնդիրներին եւ ՀԱԱՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման համատեքստում հաստատված «Փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագրի» կատարողականի միջանկյալ հաշվետվությանը։
Աշխատանքային կիսամյակի գործելակերպը, ինչպես պարզ դարձավ Ագրոնոմիայի ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի զեկուցումից, կայացել է որպես փորձուսուցման նորարարական ձեւաչափ՝ ներառելով համախոհ գործատուների բավականին պատկառելի թիվ, որոնք հիմնականում վճարում են ուսանողներին փորձուսուցման ընթացքում։ Որոշ գործատուներ նույնիսկ լրացուցիչ ուսանողների ներգրավելու ցանկություն ունեն։ Երկրում առաջին անգամ հաջողությամբ ներդրված այս գործելակերպի արդյունավետության հետագա բարելավման առումով ռեկտոր Ուռուտյանն առաջարկեց քննարկումներին մասնակից դարձնել ֆակուլտետային արդյունաբերական խորհուրդներին։ Ռեկտորը պակաս կարեւոր չհամարեց աշխատանքային կիսամյակ անցնող ուսանողների հաջողությունների պատմությունների ավելի լայն հանրայնացման խնդիրը։
Մասնաճյուղերի ուսանողների՝ հաջորդ ուսումնական տարում սպասվող փորձուսուցումների համար ուսանողների վճարման վերաբերյալ մարզային գործատուների հետ բանակցությունների առաջին «ռաունդը» կարծես լավատեսական չէ, բայց, ինչպես նշեց պարոն Ուռուտյանը, այս հարցում եղած օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խոչընդոտները կարելի է եւ պետք է հաղթահարել՝ գործատուների հետ ճիշտ աշխատելով։
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը աշխատանքային կիսամյակների ներդրման գործում եղած ձեռքբերումները գնահատեց բավարար, սակայն դրանք համարեց արդեն օրինաչափություն եւ հորդորեց հավակնել նոր ձեռքբերումների, մանավանդ, որ այլ բուհերի գործընկերների շրջանում ձգտում կա հետեւելու մեր օրինակին։
Ռեկտորատի որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ զեկուցումով հանդես եկած ռեկտորատի քարտուղար Գայանե Ավագյանը, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր ներկայացրեց։ Բացահայտվող ընթացիկ խնդիրներին ռեկտորատը ստորաբաժանումների պատասխանատուների հետ փորձում է տեղում լուծումներ տալ։
Կամընտրային առարկաների դասընթացների կազմակերպման հարցում հանդիպում են որոշակի դժվարություններ, մասնավորապես՝ այս նոր մշակույթի ներդրման առնչվող։ Այս առումով ռեկտորը նշեց, որ սա ուսանողակենտրոն մոտեցում է, եւ ուսանողներին ճկունություն է տալիս, սակայն նրանք պետք է ճիշտ օգտվեն ընձեռված հնարավորությունից։ Վեր կանգնելով «անհատական պատվերների» գայթակղությունից, պետք է կարողանան հետապնդել ավելի խմբային շահեր, ընդ որում՝ արդյունավետ կերպով օգտվելով ոչ միայն բուն կրթական ծրագրերից, այլեւ համալսարանում ստեղծված անվճար մասնագիտական վերապատրաստման լայն հնարավորություններից։