Ռեկտորատի մայիսի 30-ի հերթական նիստը, որ նախագահում էր ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, մեկնարկեց Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի հետազոտող Մհեր Մինասյանի՝ դասավանդման եւ ուսումնառության գործընթացի որակի շարունական բարելավմանը միտված աշխատանքների շրջանակում դասախոսների շրջանում անցկացված հարցման հետաքրքրական արդյունքների ներկայացմամբ։
Ռեկտորատը քննարկեց եւ ընդունեց նախորդ նիստի որոշումների կատարողականը՝ գիտական քարտուղար Գայանե Ավագյանի զեկուցման հիման վրա։ Չկատարված զեկուցումներ, ըստ էության, չեն եղել։
Ուսումնական պարապմունքների կազմակերպման եւ ավարտական աշխատանքների պաշտպանության գործընթացների վերաբերյալ ստորաբաժանումների ղեկավարների զեկուցումները ցույց տվեցին, որ մասնավորապես ավարտական աշխատանքների որակը եւ հաճախումների հարցում պատասխանատվությունը բարձրացել է։ Ամեն դեպքում, ինչպես նշեց պարոն Զաքոյանը, մեր նպատակը կամայական մոտեցումների բացառումն է։ «Բոլորիս աշխատանքի վերջնական նպատակը շրջանավարտի՝ որպես մասնագետի, որակն է․ ավարտական յուրաքանչյուր աշխատանք յուրաքանչյուր դասախոսի, աշխատակցի հպարտություն առարկան պիտի լինի», – ասաց նա։
ՀԱԱՀ գործող կանոնակարգերում փոփոխություններ կատարելու կարիքների վերաբերյալ ՈՒԳԿ վարչության պետ Արմեն Աղասարյանի զեկուցմանը հետեւած քննարկումը երկար տեւեց։ Գնահատման բազմագործոն համակարգում ինքնուրույն աշխատանքների մասնաբաժնի վերաբերյալ քննարկումն ավարտվեց գիտխորհրդի առաջիկա նիստին արվելիք համապատասխան առաջարկի ընդունմամբ։ Պարոն Զաքոյանն այս հարցի առնչությամբ շեշտեց ինքնուրույն աշխատանքներին ավելի մեծ դեր վերապահելու, ուսանողի՝ սեփական ուժերի հանդեպ վստահությունն ավելացնելու անհրաժեշտությունը։ Կարեւոր է գործնական, իրական կյանքին առնչվող թեմաներ հանձնարարել, ընդ որում փոքր ծավալի պարագայում էլ ուսանողի մեջ կարելի է առաջացնել ինքնուրույն աշխատելու ցանկություն, մղել այդ կարողությունը զարգացնելուն։
ՀԱԱՀ ռազմավարական գործողությունների պլանի ցուցիչների եւ հաստատութենական հավատարմագրման համատեքստում հաստատված «Փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագրի» կատարողականի հերթական ընթացիկ հաշվետվությամբ հանդես եկավ ՈԳԱ կենտրոնի տնօրեն Աննա Դաշտոյանը։