Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնում թեզերի պաշտպանությունը շատ հարցերի դրական պատասխան տվեց

Հունվարի 29-ը Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնում մագիստրոսական թեզերի պաշտպանության օր էր։ Եթե այս կարեւր իրադարձությունը բնութագրելու լինենք միայն երկու բառով, ապա դրանք են՝ հրատապ եւ գերազանց․ թեմաները հրատապ են՝ միտված կոնկրետ վայրի կոնկրետ ջրային ենթակառույցի արդիականացմանը-կատարելագործմանը, նորերի ստեղծմանը, իսկ թեմաների ներկայացումը՝ գերազանց թե´ մասնագիտական «խորխորատներին» տիրապետելու եւ թե հաղորդակցական անուրանալի հմտությունների առումով։

Թեզերի շրջանակում մագիստրանտների կատարած հետեւողական եւ ծավալուն հետազոտական աշխատանքների արդյունքը գործնական կարեւորություն ունի այն համայնքների համար (ի դեպ, դրանց աշխարհագրությունը բավականին լայն է), որոնցում դրանք կատարվել են․ ոռոգման ջրախնայողական տեխնոլոգիաների, ջրահեռացման, կոյուղու համակարգերի արդիականացման, ջրամբարների, խորքային հորերի շահագործման, դպրոցների բակային տարածքներում կաթիլային ոռոգման ցանցերի անցկացման եւ այլ թեմաների ներկայացման համար հատկացված սուղ ժամանակն էլ բավարար էր՝ թեմաների գործնական նշանակությունը հասկանալու համար։ Ավելին, ներկայացվող առաջարկներից մի քանիսը արդեն ընթացքի մեջ գտնվող ծրագրեր են։

Հանձնաժողովը՝ կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Սահակյանի գլխավորությամբ, ակնհայտորեն գոհ էր արդյունքներից։ Պաշտպանության ժամանակ մագիստրանտների եւ հանձնաժողովի անդամ բազմափորձ ու բազմավաստակ գիտնականների միջեւ ծավալված «հավասարը հավասարի հետ» քննարկումները առնվազն տպավորիչ էին եւ քաջալերող այն առումով, որ ոլորտի ապագան հուսալի ձեռքերում է։ Այս կարծիքին է նաեւ հանձնաժողովը․ մասնավորապես ամբիոնի վարիչ պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը մեր մագիստրանտներին հստակ կերպով տեսնում է ոչ միայն իրենց այսօրվա աշխատատեղերում, այլեւ պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող եւ պետական աջակցությունից օգտվող կարեւոր ծրագրերում։

Կարող է թվալ, թե հասուն, ոլորտում արդեն կայացած, հեղինակավոր մասնագիտական աշխատանքով ապահովված մարդիկ կարող էին բավարարվել բակալավրի աստիճանով, սակայն Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի մագիստրանտները վառ օրինակ են մրցունակ մնալու, անձնական աճի եւ օրեցօր զարգացող ոլորտում երկրին ավելի մեծ օգուտ տալու մտայնության։ Պատիվ ու հարգանք թե իրենց եւ թե դասավանդող դասախոսներին ու թեզերի ղեկավարներին։